Aravot.am-ը գրում է․

Փաստաբան Արա Ղազարյանը, որն Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչն է ՄԻԵԴ-ում, նոր գանգատ է ներկայացնելու Եվրոպական դատարանին՝ Կարեն Ղազարյանի հանդեպ իրականացված «դատավարության» վերաբերյալ:

«Մտահոգություններ ունենք, որ խախտվել է նրա ազատության եւ արդար դատաքննության իրավունքը: Ադրբեջանում նրա շուրջ լեգենդ են ստեղծել եւ կեղծ քրեական գործ հարուցել»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արա Ղազարյանը: Նա նշեց. «Եթե Ադրբեջանը Կարեն Ղազարյանին թույլ տա շփվել արտաքին աշխարհի հետ, նրա՝ «դիվերսանտ-ահաբեկիչ» լինելու մասին լեգենդը կփլվի:

Միայն «Կարմիր խաչն» է, որ կարողանում է կապ պահպանել Կարեն Ղազարյանի եւ նրա ընտանիքի միջեւ, բայց կանխավարկած կա, որ անազատության մեջ գտնվող անձի ասածներին պետք է վերապահումներով մոտենալ: Նա ասում է, որ լավ է, բայց բոլորս ենք տեսել կադրերում, որ նա բավականին նիհարել է»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել