Parliamentmonitoring.am-ը գրում է․

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի հետ:

-Պատգամավոր դառնալուց հետո հայտարարեցիք, թե «ֆեյքնյուզի» դեմ պայքարի անհրաժեշտություն կա, ինչը շատերը ընկալեցին որպես լրատվամիջոց փակելու մտադրություն: Ի՞նչ էիք ուզում ասել, կա՞ այդպիսի մտադրություն:

-Տարօրինակ է ենթադրությունը, թե 20 տարի լրատվության մեջ եղած մարդը կարող է երբևէ որևէ լրատվամիջոց փակելու ցանկություն արտահայտել: Դա հերքելու կարիք նույնիսկ չկա: Դա պարզ մանիպուլյացիա էր, որը ցույց է տալիս, թե ինչ կատարավում է լրատվամիջոցներում։ Ասում ես՝ խոսքի ազատությունը պետք է խրախուսվի, ապատեղեկատվությունը՝ պատժվի, ու թվում է՝ որևէ իրարամերժ բան դրա մեջ չկա, բայց վերցնում են մի մասը ու գրում՝ «իշխանությունը ուզում է փակել անցանկալի լրատվամիջոցները». սա խոսում է լրատվական մակարդակի մասին։ Ես, երկար տարիներ աշխատելով լրագրող, խմբագիր, մենեջեր, շատ ցավում եմ լրատվական դաշտի այսօրվա վիճակի համար։ Կան տասնամյակների պատմություն ունեցող ոչ պետական լրատվամիջոցներ, որոնք սեփական ֆինանսական միջոցներով գոյատևելու հնարավորություն չունեն և ունեն ստվերային բյուջե։ Բայց այսօր իրավիճակ է փոխվել, ու այդ փոփոխությունը վերաբերում է նաև «սև շուկային»: Լրատվամիջոցին պետք է տալ գործունեության ավելի թափանցիկ դաշտ տեղափոխվելու հնարավորություն, ու պետք է հնարավորինս նպաստել նրա աշխատանքին։ Դա կարող լինել տարբեր ձևերով՝ հատուկ հիմնադրամների, հարկային արտոնությունների միջոցով։ Այսինքն, մի որոշ ժամանակ անել այնպես, որ այդ լրատվամիջոցները ֆինանսական դժվարությունների պատճառով չգայթակղվեն «սև փողերով» ու նորմալ գործունեություն ծավալեն, ինչը կերազի ցանկացած ժողովրդավար իշխանություն։ Պետք չէ նման հայտարարությունները համարել հաթաթա, դրանք ինքնակարգավորման կոչ են, որովհետև ժողովրդավարական իշխանության համար ժողովրդավարական, թափանցիկ, վստահելի խոսք ասող մամուլը շատ արժեքավոր է։

-Ո՞րն է Ձեր պատկերացրած վստահելի մամուլը։

-Դա այն է, որի տեղեկությունը այլևս ճշտելու կարիք չկա։ 

-Կա՞ն այդպիսիք հիմա Հայաստանում։

-Պատկերացրեք՝ չկան, ու չեմ կարող բացառություններ ասել։ Չեմ ասում, որ բոլորը համատարած ամբողջ բովանդակությամբ էդպիսին են, բայց չի գտնվի որևէ լրատվամիջոց, որը, օրինակ, ոչ դիտավորությամբ հրապարակած ապատեղեկատվությունը հերքի ու դրա համար ներողություն խնդրի։ Երբ որևէ տեղեկություն եմ կարդում, ես անպայման կարիք եմ զգում ճշտելու՝ որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը։ Մեծ մասամբ չի համապատասխանում: Իմ ասածը հաթաթա տալ չէ, դա ուղղակի ցավի կռինչ է՝ ինչո՞ւ պետք է այսպես լինի։

-Դուք ունե՞ք «ֆեյքնյուզի» դեմ պայքարելու կոնկրետ ծրագիր կամ փորձո՞ւմ եք մշակել:

-«Ֆեյքնյուզի» դեմ պայքարելը շատ դժվար է։ Իմ խնդիրը դա չէ, իմ խնդիրը հավաստի, ճշգրիտ տեղեկություն հաղորդող մամուլն ուժեղացնելն է: Ես շատ ուզում եմ՝ մասնագետների խումբ ձևավորվի, որ ինքնուրույն կանոնակարգեն՝ արհեստակցական միությունների, հիմնադրամների և այլնի միջոցով։

-Մի քանի լրատվամիջոց քաղաքապետարանից ծանուցում է ստացել զբաղեցրած տարածքներն ազատելու վերաբերյալ։ Դրանց ղեկավարները հայտարարում են, թե իշխանությունը ճնշում է գործադրում մամուլի նկատմամբ։ Ո՞րն է Ձեր արձագանքը:

-Ես հետաքրքրվել եմ այդ պատմության մանրամասներով, ու ինձ բացատրել են, որ լրատվամիջոցներին ուղարկված ծանուցումը ընդամենը տեխնիկական բնույթի է։ Ասել են, որ նրանց իրենց աշխատասենյակներից չեն հանելու։ Իրականացվում է գույքագրում ու փորձում են անել այնպես, որ խնդրի լուշման մեկ միասնական սկզբունք լինի: Այս իշխանությունը գիտակցում է, որ ազատ մամուլը ժողովրդավարական հասարակարգի ամենակարևոր բաղկացուցիչներից մեկն է։ Մենք ուզում ենք, որ լինի քննադատություն և ոչ թե ապատեղեկատվություն։ Սկզբունքը՝ տեղեկությունը ճշտել երկրորդ աղբյուրից, հիմա գրեթե չի գործում: Մամուլին չեն ճնշում։ Ասում են՝ արեք այն, ինչը ձեր պարտականությունն է։ Մամուլը 4-րդ իշխանություն է, և այն նույնպես ենթակա է քննադատության։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել