Azatutyun.am-ը գրում է.

Պակիստանի նավատորմն այսօր հայտնել է, որ Հնդկաստանի մարտական սուզանավին արգելել է մուտք գործել Պակիստանի տարածքային ջրեր:

Պակիստանցիները հաղորդել են, որ գրոհի չեն ենթարկել մոտեցող հնդկական սուզանավը, սակայն ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ այն տարածքային ջրերից հեռու պահելու համար:

«Հնդկաստանը պետք է հաշվի առնի մեր այս խաղաղասիրական գործելակերպը և իր հերթին աշխատի հանուն խաղաղության», - ասվում է Պակիստանի նավատորմի հայտարարությունում:

Երկու երկրների հարաբերությունները խիստ սրվել են անցած շաբաթների ընթացքում այն բանից հետո, երբ մահմեդական զինյալները Ջամու և Քաշմիր նահանգում փետրվարի 14-ին ռումբ են պայթեցրել և սպանել են 45 հնդիկ զինվորների:

Ի պատասխան՝ Հնդկաստանը փետրվարի 26-ին ռմբահարել է զինյալների հենակետը Քաշմիրի պակիստանյան հատվածում:

Հաջորդ օրը Պակիստանն է ռմբահարել Քաշմիրի հնդկական հատվածը, օդային մարտում խոցվել է առնվազն մեկ հնդկական ինքնաթիռ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել