Գիտե՞ք՝ ՊՆ-ն ինչու է թաքցնում զոհերը։ Այո, այո, ՊՆ-ն թաքցնում է զոհերը, որքան էլ Տոնոյանն ու իր ենթակաները փորձեն ցրել թեման «ա լյա»՝ չհայտնելը թաքցնել չէ։ Իմ խորին համոզմամբ՝ դա Նիկոլ Փաշինյանի 5-րդ կետը փրկելու համար է, որովհետև եթե ՊՆ-ից տեղեկատվությունը լիներ այնքան օպերատիվ ու այնքան թափանցիկ, որքան «Սերժի վախտ էր», ապա անխուսափելիորեն ծնվելու էր հարցադրումների հետևյալ շղթան․

1․ Լիֆտերի մեջ պայմանավորվելու իմաստը ո՞րն էր, եթե նրանք, միևնույն է, շարունակելու էին սահմանային լարվածություն պահել։
2․ Լիֆտերի մեջ պայմանավորվածությունների արդյունքում մենք ի՞նչ շահեցինք՝ 2-3 ամիս, որ քի՞չ էին կրակել։ Ուրիշ էլ ի՞նչ։
3․ Լիֆտերի մեջ պայմանավորվածության արդյունքում Ադրբեջանն ի՞նչ շահեց։

Այ վերջին հարցադրմանը եկեք ես պատասխանեմ․ Նիկոլ Ճաճանչափայլի լիֆտային բանակցությունների արդյունքում թե՛ համանախագահների, թե՛ բանակցող կողմերի բառապաշարից հօդս ցնդեցին Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի մասին հիշատակումները։ Հիշեցնեմ, որ այդ երկու հանդիպումների արդյունքում հասել էինք նրան, որ հող հանձնել-չհանձնելու թեմայից անցում էր արվել վստահության և վերահսկողության մեխանիզմների ներդրման թեմային, առանց որոնց չէր կարող լինել որևէ այլ բովանդակային բանակցություն։

Հաջորդ արդյունքը, որը գրանցեց Ադրբեջանը Նիկոլի վերելակային չարաճճիության արդյունքում, Նախիջևանի ուղղությամբ դիրքային աննախադեպ առաջխաղացումն ամրագրելն էր։ Նիկոլ Ճաճանչափայլի մեծահոգության շնորհիվ Ադրբեջանը կարողացավ բավական ժամանակ ստանալ՝ նոր դիրքերը ամրացնելու, դրանց մատկարարման ու ապահովման լավ ենթակառուցվածք կառուցելու համար, ինչը նախկինում չէր կարողանում հայկական կողմի կրակային հակազդեցության պատճառով։ Հենց նման տխմարավարի վարած քաղաքականության արդյունքում էլ ստեղծվում է այն, ինչ պարզեցված ասում են «հողեր հանձնել», իսկ ավելի արդար է ասել՝ «հողերը պահելու ի զորու չլինել»։

Շարունակեմ Ադրբեջանի ձեռքբերումների շղթան․ ուրեմն, բացի Նախիջևանի ուղղությամբ հազարավոր հեկտարների առաջխաղացումը մարսելուց, Նիկոլ Ճաճանչափայլի վերելակային բանակցությունները բերեցին նաև շփման գծի մյուս հատվածներում լրջագույն բարելավման ադրբեջանական կողմում։ Նրանք այս ողջ ընթացքն օգտագործեցին ու շարունակում են օգտագործել իրենց առաջնագծի աննախադեպ բարեկարգման համար, ինչը հնարավոր է դարձել հայկական կողմի հակազդեցության բացակայության պայմաններում։ Ինժեներական մասշտաբային աշխատանքների մասին տեղեկություններ մամուլում եղել են ինչպես Տավուշի մարզի շփման գծի հատվածից, այնպես էլ Արցախից։

Դե հիմա, ի մի բերելով այս ամենը, հասկացե՛ք, թե ինչու է պարզապես կենսական անհրաժեշտություն Նիկոլի համար, որ ՊՆ-ն թաքուն պահի զոհերի մասին տեղեկությունները։ Որովհետև եթե չպահի, շատ արագ են մարդիկ հասկանալու, որ մեր առաջնեկության իրավունքը փոխեցինք ալիևական ստի շիլայի հետ․ իրենք ստացան հնարավոր ամեն ինչ, իսկ մենք ստացանք միայն ինքնախաբեության մի քանի ամիս, իսկ Նիկոլը՝ իշխանություն։ Ու ամենամեծ ցավն այն է, որ սա պրոցեսի միայն սկիզբն է․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել