Նկատե՞լ եք Հայաստանի իշխանությունները որքան են սիրում «Նոր Հայաստան» ձևակերպումը, իրենց խոսքում անընդհատ կրկնում են, թե մենք Նոր Հայաստանում ենք ապրում: Ինչ-որ իմաստով նրանք իրավացի են. սա իրավամբ Նոր Հայաստան է, որտեղ ձևը հաղթում է բովանդակությանը: Նոր Հայաստան է, որտեղ անընդատ ինչ-որ բան է կատարվում, բայց արդյունք ու իմաստ չկա, ռեալ գործ ու ապագային միտված ռեֆորմ չկա:

Փոխարենը, կա մարդկանց մի խումբ, որոնք «ոչ մի թիզ հող թշնամուն» պաստառներով հող տալու դեմ են պայքարում, բայց գոնե այս պահին հող տվող չկա, մի խումբն էլ հիմնն է ուզում փոխել, մյուս խումբը՝ «պլանը» օրինականացնել և այսպես շարունակ:

Ունենք վարչապետ, որը մեկ Թումանյանի ծննդյան առթիվ է ասմունքում, մեկ՝ Կապուտիկյանի, երեխա է հյուրընկալում, սելֆիներ, երթ ու միտինգ անում, երեկոներն էլ ընտանիքի հետ սրճարաններից Ֆեյսբուք մտնում:

Ունենք տարվա մեծ մասը ճամփորդող, շնորհավորական/ցավակցական տեքստեր տարածող, երեխաների հետ պաղպաղակ ուտող, կիրակիները մեքենա վարել սիրող նախագահ, որի ո՛չ ճամփորդությունների օգուտն ենք տեսնում, ո՛չ էլ իմաստը հասկանում:

Մի խոսքով՝ Հայաստանի իշխանությունը ոչինչ չի անում, բայց գրեթե բոլորը գոհ են ու երջանիկ: Պարադոքս է, չէ՞: Իսկ գիտե՞ք ինչու է այդպես։ Որովհետև ԳՈՐԾ անելու հանրային պահանջ չկա՛, համենայնդեպս մինչ օրս չկա: Հետևաբար, նաև գործ չանելու համար դատապարտող ու հայհոյող չկա:

Հայաստանի նախագահն ու վարչապետը հայ ժողովրդի հավաքական կերպարն են, կոլեկտիվ անգիտակցականի խտացումը, որոնց ակտիվության շարժիչ ուժը գործ անելու իմիտացիա ստեղծելն է, իսկ սեփական տապալումներն ու անկարողությունն արդարացնելու համար մեղավորներ փնտրելն ու գտնելն է:

Մի խոսքով, Նոր Հայաստանը «Ոչ մի թիզ ԳՈՐԾ» նշանաբանով նավարկություն է սկսել բաց ծովում, իսկ առկա իրավիճակի ողջ պերճանքն ու թշվառությունը գիտակցում են հատուկենտ մարդիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել