Եկեք մի քիչ էլ խոսենք Աննա Հակոբյանից, ով բավականին հնչեղ հայտարարություններ է արել։ Անդրադառնամ դրանցից երկուսին։

Հայտարարություններից մեկը պետական նշանակության առումով թեև զիջում է մյուսին, բայց իմիջային տեսանկյունից ամբողջացնում է պետական հեղաշրջման արդյունքում ձևավորված նոր իշխանական էլիտայի դեմքը։ Աննա Հակոբյանը, ըստ էության, հայտարարեց, որ իր մամլո խոսնակը ստում էր օրեր առաջ, երբ փորձում էր ցրել Հակոբյանի՝ Դավոս մեկնելու մասին լուրերը, բայց որ առավել կարևոր է, մենք անձամբ Աննա Հակոբյանից իմացանք, որ ինքը Դավոս գնացել էր վոյաժներ անելու։ Նրա խոսքերով՝ կազմակերպիչների կողմից հրավերք է ունեցել՝ ուղեկցելու Փաշինյանին Դավոսի ֆորումում, բայց «ինչ-ինչ անձնական պատճառներով» չի մասնակցել։ Փաստորեն, ֆորումից «թռել է»։ «Ինչ-ինչ անձնական պատճառներն էլ», դատելով այլ արտասահմանյան վոյաժներից գոյացող օդից կախված խոսակցությունների, Աննա Հակոբյանի անհուն սերն են առ շոփինգ։ Սակայն, ինչպես նշեցի, սա էական նշանակություն ունեցող թեմա է, ի դեմս Աննա Հակոբյանի, նոր իշխանական էլիտայի վարքուբարքի մասին պատկերացում կազմելու հարցում, բայց պակաս էական նշանակություն ունեցող թեմա է պետական նշանակության տեսանկյունից։

Անհամեմատ ավելի կարևոր եմ համարում այն, որ Աննա Հակոբյանը հայտարարեց, որ առժամանակ կասեցվում է կապիտուլյանտական այն արշավը, որն իրենք խաղաղասիրական էին կոչում։ Ճիշտ է, Հակոբյանն ասել է, որ արշավը շատ սիրվեց ու շատ դրական արձագանք գտավ, բայց առնվազն տարօրինակ է այդ դեպքում, թե ինչո՞ւ են կասեցնում այդքան սիրված ու այդքան դրական արձագանք ստացած նախաձեռնությունը։ Կարելի է ենթադրել, որ իրականում այդ մարազմին ստոպ տվեցին ճիշտ հակառակ պատճառով․ հայության մոտ այն, մեղմ ասած, տարակուսանք ու նեգատիվ էր առաջացնում, որն արտահայտվում էր այդ թվում նաև ֆեյսբուքյան դիսլայքերի տեսքով, իսկ մենք արդեն հասկացել ենք, որ Նիկոլն ու թրաշամանուկները ոչնչից այդքան չեն սարսափում, որքան դիսլայքերից։ Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել Ադրբեջանի հետ բանակցություններում Նիկոլի որդեգրած կուրսի փոփոխությունը, որի պարագայում այդ միակողմանի խաղաղարարությունն այդքան էլ չէր դիտվում։ Ամեն դեպքում, պետք է էլի գոհ լինենք, որ էդ մարազմատիկ պացիֆիզմը գոնե ժամանակավորապես ջաններիս չեն կապելու, այն էլ՝ Աննա Հակոբյանի մակարդակով։

Ամփոփելով՝ կառուցողական խորհուրդ Նիկոլ Փաշինյանին։ Աննա Հակոբյանը չափազանց շատացել է, ես կասեի՝ անտանելի շատացել է, և դա գնալով նյարդայնացնում է մարդկանց ու էապես հարվածում է Նիկոլ Փաշինյանի ռեյթինգին։ Անգամ Ռաիսա Գորբաչովան այսքան շատ չէր նշմարվում իր թուլակամ ամուսնու կողքին, որքան դա անում է Աննա Հակոբյանը։ Քչացրեք դոզան։ Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասելու․

Էսպես է ասել հնուց էդ մասին
Ֆարսի բյուլբյուլը՝ անմահ Ֆիրդուսին․
Ի՜նչը կհաղթի կյանքում հերոսին,
Թե չլինին կինն ու գինին․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել