Azatutyun.am-ը գրում է.

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարում է, որ «ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մարտի 1-ի ոճրագործության 11-րդ տարելիցին նվիրված հզոր երթ անցկացնելու նախաձեռնությունը»:

«Կոնգրեսն այն դիտում է որպես արդարության վերականգնման ուղղությամբ համապարփակ գործընթացի ազդարարումը պետական մակարդակով: Մենք վստահ ենք, որ այս նախաձեռնությամբ իշխանությունը սկսում է նոր քննություն կատարել բոլոր գործերով, որոնցով ոտնահարվել են մարդու իրավունքները, պատասխանատվության կանչել մարտի 1-ի ոճրագործության բոլոր կազմակերպիչներին և կատարողներին, փոխհատուցում տրամադրել մարտիմեկյան իրադարձությունների բոլոր զոհերի իրավահաջորդներին և մարմնական վնասվածքներ ստացած անձանց, Մյասնիկյանի արձանին հարող տարածքում տեղադրել ոճրագործության զոհերին նվիրված հուշարձան, մարտի 1-ը օրենքով սահմանել որպես «2008թ.-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր»՝ նախատեսելով նաև հիշատակի օրվան նվիրված հրապարակային միջոցառումներ», - ասված է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության հայտարարությունում, որ տարածել է ՀԱԿ գրասենյակը:

Կարևորելով Փաշինյանի այս քայլը՝ Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում բոլորին ամենաակտիվ կերպով մասնակցել հրավիրված երթին:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 11-րդ տարելիցը քաղաքացիական հզոր երթով նշանավորելու իր նախաձեռնության մասին Հայաստանի վարչապետը հայտարարեց այսօր առավոտյան՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել