IDEX 2019-ին մասնակցելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնած ՀՀ ՊՆ պատվիրակությունը, բացի միջոցառմանը հավուր պատշաճի ներկայանալուց (հղումն՝ այստեղ), նաև մի շարք կարևոր քայլեր է իրականացրել:

Մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նախ ԱՄԷ-ի ԶՈՒ-ի գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի, ապա ԱՄԷ-ի փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի էմիրության կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ հանդիպումներում` բացի երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարներից, գործնական քայլերից քննարկել է նաև Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության թեման:

Ինչ խոսք, երկկողմ համագործակցության օրակարգը նաև ռազմական ոլորտով համալրելուն զուգահեռ, չափազանց կարևոր է նաև Սիրիայում Երևանի գործողության իրական նպատակներն Աբու-Դաբիին ներկայացնելու հանգամանքը, քանի որ ԱՄԷ-ն Պարսից ծոցի մի շարք այլ «սուննիական պետությունների» հետ որոշակի ազդեցություն ունի սիրիական ընդդիմադիր որոշ շրջանակների վրա:

Վերոնշյալից բացի` ինչպես ԱՄԷ-ի, այնպես էլ Եգիպտոսի, Հորդանանի, Քուվեյթի, նաև Լիբանանի վարչապետի խողովակները կարելի է օգտագործել՝ փարատելու համար հայաստանյան առաքելության հետ կապված նաև մեզանում հաճախակի հնչող՝ «սուննիական աշխարհի» հնարավոր թյուրընկալումները, եթե, իհարկե, դրանք առկա են կամ կարող են առաջանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել