Հայկական լրատվական դաշտում՝ լինի թերթ, կայք, ռադիո թե հեռուստատեսություն, տարածված են երկու սխալ արտահայտություններ, որոնք թեև առաջին հայացքից կարող են անմեղ թվալ, բայց ազգային ու պետական մտածողության տեսանկյունից պարզապես աններելի են:

1. «Հայաստան և Արցախ». այս թյուրիմացությունը, ցավոք, լայնորեն կիրառվում է ոչ միայն ԶԼՄ-ներում, այլև քաղաքական գործիչների շրջանում: Անընդհատ պետք է ասել, որ Հայաստանը լայն հասկացություն է, որն ընդգրկում է հայկական բոլոր պետականությունները՝ ՀՀ-ն և Արցախը, հետևաբա կարևոր է նրբանկատ լինել պետական ու ազգային հարցերին վերաբերող խոսքում: Մեզ հաճախ թվում է, թե պետք է մատների արանքից նայել սրան, բայց հավատացեք, որ մեր յուրաքանչյուր խոսք ունի ազդեցություն մեր և մեր դիմացինի ենթագիտակցության վրա:

Չկա Հայաստան և Արցախ, կա Հայաստանի Հանրապետություն և Արցախ:

2. Հաճախ հայկական ԶԼՄ-ներն ասում են՝ «հայ-թուրքական սահման»... Այդ արտահայտությունը կրկին ռազմավարական մտքի տեսանկյունից ճիշտ կլիներ, եթե ՀՀ և Թուրքիայի սահմանային գիծն այլ հատվածով անցներ:

Վստահաբար, կլինեն մարդիկ, որոնք այս տողերի համար ինձ կհամարեն անուղղելի ռոմանտիկ, բայց հավանաբար ոչ բոլորն են համակերպվել, որ անվերադարձ կորցրել ենք Արևմտյան Հայաստանը և պետք է գոյատևենք 44.000 քկմ-ում: Այն զարգացումներն ու իրադարձությունները, որ տեղի են ունենում ժամանակակից Թուրքիայում, մեզ առնվազն պետք է հիմք տան մտածելու, որ գոնե չմոռանանք՝ Արաքս գետից այն կողմ թուրքական սահմանը չէ, այլ Թուրքիայի սահմանն է՝ Արևմտյան Հայաստանում ապրող ավելի քան 4.5 մլն հայերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել