Ընթացիկ շաբաթը, վստահաբար, առանձնանալու է միջազգային և հատկապես Մերձավոր Արևելքի անվտանգությանը նվիրված միջազգային և բազմակողմանի մի շարք ձևաչափերի անցկացմամբ:

Ըստ հերթականության՝ փետրվարի 13-14-ին Վարշավայում ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կայանալու է «Մերձավոր Արևելքում խաղաղ և անվտանգ ապագայի առաջխաղացմանը նվիրված նախարարական համաժողովը», որին մասնակցելու են նույն տարածաշրջանի, Ասիայի, Աֆրիկայի, ինչպես նաև Եվրոպա և Ամերիկա աշխարհամասերի բազմաթիվ երկրներ: Ենթադրվում է, որ հանդիպման առանցքային նպատակներից է լինելու Իրանի դեմ քաղաքականության համատեքստում միջազգային ջանքերի համադրումը:

Փետրվարի 14-ին Սոչիում տեղի է ունենալու Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների գագաթնաժողովը, որի քննարկման առանցքային թեման լինելու է սիրիական հիմնախնդիրը, մասնավորապես՝ իրավիճակը Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում, ինչպես նաև՝ հյուսիս-արևելքում՝ քրդաբնակ շրջաններում ամերիկյան զորախմբի դուրս բերման հեռանկարում:

Փետրվարի 15-17-ին տեղի է ունենալու Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովը, որին այս տարի ակնկալվում է ռեկորդային թվով ներկայացուցիչների մասնակցություն, մասնավորապես՝ շուրջ 4 տասնյակ երկրների և կառավարությունների ղեկավարներ, 100-ից ավելի նախարարներ: Այս միջոցառման հայտարարված թեմաներն են տրանսատլանտյան գործընկերության, աշխարհակարգի և մի շարք այլ գլոբալ հիմնախնդիրների հետ կապված հարցերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել