Armdaily.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ ճանաչելու և հռչակելու Մարտի 1-ի արյունալի իրադարձություններին մասնակցելու համար դատապարտված Արամ Բարեղամյանի անմեղությունը։ 2008-ին նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի Հրազդանի նախընտրական շտաբի պետ Բարեղամյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 6 տարվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և նրան ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար։ Բողոքարկման պատճառը երեւան եկած նոր հանգամանքներն են, այն է՝ գործով տուժող Մալաթիայի նախկին փոխոստիկանապետ Գագիկ Քամալյանը նոր ցուցմունք է տվել՝ նշելով, որ 2008 թվականին քննության ընթացքում ճանաչման ներկայացնելիս, ինչպես նաև դատավարական այլ գործողությունների ընթացքում, իրականում համոզված չի եղել, որ հենց Բարեղամյանն է եղել իրեն վնասվածք պատճառողը, սակայն հաստատել է այդ փաստը: Բարեղամյանին 6 տարվա ազատազրկման էր դատապարտել դատավոր Ալեքսանդր Ազարյանը, վճիռը գնացել է վերաքննիչ, վճռաբեկ ատյաններ, սակայն չի բեկանվել, մնացել է ուժի մեջ։

Արամ Բարեղամյանը հայտարարել է, որ իր նկատմամբ բռնություններ են կիրառվել, քննիչը փորձել է ցուցմունք կորզել, դատավոր Ազարյանը անհիմն դատապարատել է։ «Հանրայինով հեռարձակված այդ տեսանյութը ինձ վարկաբեկելու հերթական փորձն է, իմ դեմ ծավալված կամպանիայի շարունակությունը, չեմ զարմանա, որ վաղը, մյուս օրը մեկը հայտնվի ու ասի, որ ինձ կաշառք է տվել, կամ ես ապօրինի երեխա ունեմ։ Բարեղամյանը ոչ բռնություն կիրառող օպերլիզորի, ոչ ցուցմունքներ կորզող քննիչի անունն է շեշտում, ոչ վերաքննիչի կազմի դատավորի, միայն իմ ազգանունն է նշում՝ իրեն անհիմն դատապարտողի»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց դատավորը։ Նա նշեց, որ այս գործով ապացույցը տուժողն էր, ով շարքային ոստիկան չէր, այլ Մալաթիայի բաժնի պետի տեղակալը։ «Տուժողը դեպքից հետո ցուցմունք է տվել, թե ինչպես է տեղի ունեցել, նկարագրել է իրեն մարմնական վնասվածք պառճառողին, այնուհետեւ անձին վնասվածք պատճառողին ճանաչելու պրոցեդուրա կա, առնվազն չորս լուսանկար է տրամադրվում, եթե ճանաչում է, ասում է, տրամադրված չորս լուսանկարներից տուժող Քամալյանը՝ Մալաթիայի փոխոստիկնապետը, ճանաչել է Բարեղամյանին եւ հայտնել, որ այն անձն է, որը մարտի 1-ի օրը պատճառել է վնասվածք։ Հաջորդ ապացույցը անձին ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունն է, երբ իրար նման չորս անձանցից անձը հայտնում է՝ ում է ճանաչում եւ ինչ հանգամանքներում, այդ ժամանակ էլ է ճանաչել Բարեղամյանին, այդ ամենից հետո տուժող Քամալյանը ցուցմունքները պնդել է դատավարության ժամանակ։ Հիշում եմ՝ տուժողը չէր ուզում դատարան գար, բա քննիչը խոստացել է՝ դատարան չես գնա, իսկ ինձ համար կարեւոր էր տեսնել նրան, աչքերում տեսնեի՝ ճիշտ է ասում, թե չէ, ներքին համոզմունքը կարեւոր է դատավորի համար։ Ինձ մոտ եւ ներքին համոզմունքով, եւ փաստերով, որեւէ կասկած չկար եւ չէր կարող լինել, որ այդ հանցագործությունը կատարել է Բարեղամյանը։ Այդ մատնանշված ապացույցները եւ ներքին համոզմունքը բավարար են եղել Բարեղամյանին դատապարտելու համար»,-ասաց Ազարյանը՝ շեշտելով, որ ամենեւին չի ցանկանում արդարանալ իր կայացրած որոշումների համար, ինքը լավ գիտի, որ ցանկացած գործով պատասխան է տալու, որեւէ ակտ չի եղել, որ իր խղճին կամ օրենքին հակառակ անի։ Այժմ պարզվում է ՝ տուժող Քամալյանը վերջերս քննիչներին հայտնել է, որ համոզված չէ, որ իրեն վնասվածք պատճառողը եղել է Բարեղամյանը, սա առնվազն դատավորի մոտ տարակուսնաք է առաջացնում։ «Ինչպես է լինում, որ դեպքին հաջորդող օրերի, ամիսների ընթացքում ցուցմունք է տալիս, հստակ ճանաչում է, դատարանում ցուցմունք է տալիս, բայց 10 տարի անց ավելի լա՞վ է հիշում։ Ինչու ոչ մեկը չի հարցնում տուժողին, թե ինչպես է եղել, որ 10 տարի անց ավելի հստակ ես հիշում, քան դեպքի հաջորդող օրերին։ Կներեք, բայց իմ կարծիքով, կամ տուժողը հոգեկան հիվանդություն է ձեռք բերել, կամ երաշխիքներ է ստացել հայտարարություն տալուց առաջ, որ համապատասխան ցուցմունք տալու դեպքում որոշ իր մեղքերը կջրվեն, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել այդ կապակցությամբ»,-նշեց դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը հայտարարել էր, որտեղ ողջունել է նոր իշխանությունների կողմից մարտիմեկյան դեպքերի բացահայտմանն ուղղված իրավական քայլերը և կոչ է արել, հիմք ընդունելով ՄԻԵԴ կողմից կայացված և արդեն իսկ ուժի մեջ մտած վճիռները, վերաբացել և կրկին քննել մարտիմեկյան իրադարձություններին առնչվող բոլոր քրեական գործերը: ՀԱԿ֊ը նաև կոչ է արել պատասխանատվության ենթարկել Մարտի 1-ի բոլոր մեղավորներին, ինչպես նաև իրավապահ և դատական մարմինների այն պաշտոնյաներին, ովքեր կատարել են հանցագործություններ արդարադատության դեմ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել