Սիրիայից ամերիկյան զորախմբի դուրսբերման գործընթացը բավական անորոշ փուլում է: Վաշինգտոնից անգամ նախագահի մակարդակով հնչած ոչ այնքան միանշանակ հայտարարություններն իրենց հերթին ավելի են խճճում իրավիճակը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ, բացի դեռևս չկարգավորված ակնհայտ խնդիրներից, որպիսիք են, օրինակ, դաշնակիցների (քրդեր, Իսրայել) անվտանգության հարցերը, մի շարք արտաքին դերակատարների հետ տարաբնույթ պայմանավորվածությունների ձեռքբերման անհրաժեշտությունը և այլն, առկա են նաև առաջին հայացքից երկրորդական թվացող, բայց բովանդակային առումով ոչ պակաս կարևոր խնդիրներ:

Դրանց շարքում կարելի է առանձնացնել, օրինակ, ներկայումս ԱՄՆ-ի ազդեցության գոտում՝ քրդական ուժերի կողմից վերահսկվող շրջաններում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բավական պատկառելի թվով օտարերկրյա զինյալների առկայությունը, որոնք պատանդի կամ հանցագործի կարգավիճակում պահվում են տարբեր արգելափակման վայրերում: Հատկանշական է, որ քրդերը ևս պնդում են նման խմբերի «հայրենադարձության» ուղղությամբ՝ իրավացիորեն երկյուղելով, որ տարաբնույթ ծայրահեղական խմբավորումների կողմից նման օբյեկտների նպատակային թիրախավորումը նաև սիրիական հակամարտության ընթացքում բավական տարածված մարտավարություն էր, քանի որ ազատություն ստացած կալանավորները հիմնականում համալրում էին ահաբեկիչների շարքերը, հետևաբար նման իրավիճակից խուսափելու համար ամերիկյան դիվանագետներն ակտիվ բանակցություններ են վարում գործընկերների հետ սեփական քաղաքացիների վերադարձը կազմակերպելու և օրենքի ողջ խստությամբ նրանց պատժելու հարցում: Բացի նշվածից՝ միջազգային ջանքերի կարևոր ուղղություններից է նաև տեղում ծայրահեղ արմատական գաղափարներ դավանող անձանց հաշվառումը և նրանց տեղաշարժերը հսկելու արդյունավետ մեխանիզմների կիրարկումը:

Կասկածից վեր է, որ նշված ուղղություններում ակտիվ համագործակցությունը կարևոր պայման է հետագայում ահաբեկչական սպառնալիքի համաշխարհային աճի միտումները կանխելու հարցում, ինչին միջազգային հանրությունը բախվել էր անցած 4-5 տարիների ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել