Քանի որ Հայաստանում Մշակույթի նախարարության շուրջ կրքերը հանդարտվեցին, ասեմ, որ փափուկ ուժի քաղաքականության կիրառության լավագույն լծակներից մեկը մշակութային գերակայությունը և մշակույթի արտահանումն է, որը զուգահեռաբար բերում է նաև հսկայական տնտեսական օգուտներ։

Այդպիսի քաղաքականություն նախորդ դարի 90-ականներից ի վեր վարում է, մասնավորապես՝ Հարավային Կորեան, իսկ այսպես կոչված «կորեական ալիքի» կամ «հալյուի» սպառող եղել է նաև Կորեական թերակղզուց մի քանի հազար կիլոմետրով հեռու Հայաստանը, քանի որ կորեացի Պակ Չե Սանի «Գանգնամ սթայլը» երգը նվաճեց նաև մեր երկիրը։

Մեր պարագայում առանց որևէ հատուկ քաղաքականության ինչ-որ առումով համեմատելի հաջողություն առնվազն բալկանյան, մերձավորարևելյան և հարավկովկասյան մակարդակով, ինչքանով տեղյակ եմ, գրանցել է միայն Սուպեր Սաքոյի և Հայկոյի «Մի գնա» երգը, որը մենք, համարելով «պարսկա-թուրքա-արաբական ելևէջներով զզվելի ռաբիզ», արհամարհանքով խոտանեցինք՝ առանց րոպե անգամ մտածելու դրա հաջողության գաղտնիքը վերլուծելու և վերլուծության արդյունքներն ի շահ մեր երկրի կիրառելու ուղղությամբ։

Ասածս ի՞նչ է․ մշակույթի ասպարեզը կարող է Հայաստանի համար ՏՏ ոլորտից ոչ պակաս եկամուտներ և նաև քաղաքական դիրքեր ապահովել, եթե, բնականաբար, մշակվի հստակ և մրցունակ քաղաքականություն և գտնվեն կամ պատրաստվեն դա կյանքի կոչող մասնագետներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել