Սիրելի ընկերներ, գործընկերներ ու պարզապես սրտացավ մարդիկ։ Շնորհակալությունս եմ ուզում հայտնել սրտացավության ու կոլեգիալ սոլիդարության տասնյակ ու հարյուրավոր այն դրսևորումների համար, որոնց ականատեսը եղա վերջին 24 ժամվա ընթացքում։

Ուզում եմ տեղեկացնել, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է։ Նախաքննական գաղտնիքը թույլ չի տալիս, որ ես մանրամասն պատմեմ ԱԱԾ-ում տեղի ունեցած հարցաքննությանս մասին, բայց ամեն բան լավ է, ինձ հետ եղել են բարեհամբույր, ու մարդիկ իրենց գործն են անում։

Ինչ վերաբերում է երևույթին, ապա ես ինչպես համարում էի, որ այս ամենում կա քաղաքական ենթատեքստ, այնպես էլ շարունակում եմ համարել։ Սա, միանշանակ, ոտնձգություն է խոսքի ազատության հիմնարար սկզբունքի նկատմամբ, ու ողջ հարցն այն է, թե այդ ոտնձգությունն արմատներով գնում է զուտ ինչ-որ կրոնական կազմակերպությո՞ւն, թե՞ գործ ունենք պետական մակարդակի հետ։

Ամեն դեպքում, ուզում եմ արձանագրել, որ եթե ինչ-որ կրոնական կազմակերպության/կազմակերպությունների թվում է, թե իրենց իրավունքները ու/կամ դրանց՝ իրենց ընկալումը գերակայում է խոսքի ազատության հիմնարար սկզբունքին, չարաչար սխալվում են։ Ավելին ասեմ․ եթե հույսներն այն է, որ մեդիան պետք է սա ընկալի որպես «եթե մեզ կպաք, ձեզնով կզբաղվեն», էլի սխալ դրույք են արել։

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ ԱԱԾ-ի մասով ես ոչ մի հարց չունեմ, ոչ մի ավելորդություն ու կաշկանդող բան թույլ չի տրվել իրենց կողմից, ու եթե հավատանք մամուլի հրապարակումներին, այս թեմայով ԱԱԾ-ին պարզապես փաստի առաջ են կանգնեցրել։ ԱԱԾ-ում չէին կարող օրենք խախտել ու արդեն հարուցված քրեական գործը ծածկադմփոց անել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել