Սիրիայի տարածքում Իսրայելի շարունակվող գործողությունները և հատկապես Ռուսաստանի դիրքորոշումն ու արձագանքի ձևը՝ դրանց հետ կապված, թույլ են տալիս ենթադրելու, որ աստիճանաբար վերականգնվում է Թել Ավիվ-Մոսկվա պայմանավորվածությունների մեխանիզմն Արաբական Հանրապետության տարածքում հնարավոր խնդրահարույց միջադեպերից խուսափելու համար։ Այդ գործակցությունը խզվել էր 2018թ. սեպտեմբերին ռուսական հետախուզական ինքնաթիռի կորստից հետո:

Վերջին 2 շաբաթների ընթացքում տարբեր մակարդակներում իսրայելառուսական ակտիվ շփումները, ինչպես նաև դրանց զուգահեռ իրականացված իսրայելական գործողությունները, դրանց թիրախներն ի ցույց են դնում այն իրողությունը, որ անցյալ կես տարում Մոսկվայի ջանքերը՝ Իսրայելի սահմանից իրանական և Թեհրանի հովանավորյալ կառույցների դիրքերը նախապես համաձայնեցված գոտում հեռացնելու ուղղությամբ, հաջողություն չեն արձանագրել, հետևաբար նշվածի համատեքստում կարելի է փաստել, որ Սիրիայում այսօր ընթանում է բացառապես Իսրայել-Իրան-Հիզբալլահ դիմակայությունը, իսկ սիրիական կառավարական ուժերին հասցվող հարվածները տեղավորվում են պատասխան կրակը զսպելու տրամաբանության մեջ:

Հունվարի 20-ին իսրայելական ԶՈւ-ի կողմից Դամասկոսի շրջանում իրականացված բավական մասշտաբային ռազմագործողությունը, և դրա հետ կապված իրանական կողմի կտրուկ գործողությունները հաշվի առնելով՝ կարելի է կանխատեսել, որ սիրիական հակամարտության այս հարթությունը բավական ակտիվ է լինելու՝ բնականաբար, ունենալով նաև անկանխատեսելի հետևանքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել