24news.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանապետ Օսիպյանը հունվարի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովի հետ:

Գործընկերները քննարկել են հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի ու սպանության մանրամասներ, ինչի մեջ կասկածվում են հայեր ու նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Կալմուխանբետ Կասիմովը հայ գործընկերոջը վստահեցրել է, որ անց է կացվելու արդար քննություն և դրա շրջանակում բոլոր գործողություններն իրականացվելու են օրենքի տառին համապատասխան:

Կողմերը խոսել են նաեւ Կարագանդայում հունվարի 6-ին տեղի ունեցած ցույցերի մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունը տարածում գտավ նաեւ միջազգային լրահոսում:

Ղազախստանի ներքին գործերի նախարարը հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ բողոքի ակցիաները ազգամիջյան բնույթ չեն կրել, եղել են ոչ մեծաքանակ ու գտնվել են իրավապահների հսկողության տակ. Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը վերահսկում է իրավիճակը:

Հեռախոսազրույցի ընթացքում հայ եւ ղազախ գործընկերները քննարկել են նաեւ երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել