Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ը հայտարարեց Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակի և այդ երկրից ամերիկյան ԶՈւ-ի անմիջապես դուրսբերման մասին: Մասնավորապես, ԱՄՆ նախագահը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Մենք հաղթել ենք ԻՊ-ին Սիրիայում, որը միակ պատճառն էր Թրամփի նախագահության շրջանում մեր՝ այնտեղ գտնվելու»: Ավելի ուշ, ըստ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսի, ԱՄՆ-ը սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայից: «Այդ հաղթանակը, սակայն, չի նշանակում, որ կոալիցիան դադարեցնում է իր գործողությունները Սիրիայում: Մենք վերադարձնում ենք մեր զորքը ԱՄՆ և նախապատրաստվում ենք գործողությունների հաջորդ փուլին»,- նշել է Սանդերսը: Ավելի ուշ մի շարք աղբյուրներ տեղեկատվություն են հաղորդել առ այն, որ շուրջ 2000 ամերիկացի զինվորականների անհապաղ և ամբողջական դուրսբերումը տևելու է մոտ 30 օր:

Վաշինգտոնի նման «կտրուկ» որոշման որոշ հնարավոր պատճառներն ու հետևանքները կարելի է դասակակարգել հետևյալ պայմանական հաջորդականությամբ՝

1. ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը Սիրիայից ամերիկյան ԶՈւ-ի դուրսբերման մասին հայտարարել էր դեռևս ս.թ. ապրիլի սկզբին, որն, ըստ էության, համարվում է նաև Թրամփի նախընտրական խոստումներից մեկը ճիշտ նույն ձևակերպմամբ, որն ԱՄՆ նախագահը շարադրել էր Թվիթերում: Հետևաբար կարելի է արձանագրել, որ Դ. Թրամփն ի կատար է ածում իր ընտրողին տված հերթական խոստումը:

2. Մյուս կողմից, եթե մի դեպքում Թրամփն ապացուցում է սեփական հետևողականությունը, ապա մեկ այլ պարագայում լուրջ վտանգի տակ է դնում ԱՄՆ-ի՝ որպես հավատարիմ դաշնակցի հեղինակությունը, քանի որ ամերիկյան ԶՈւ-ի դուրսբերումից հետո բավական վտանգավոր ճակատագիր է սպասվում Սիրիայի տարածքում Վաշինգտոնի կարևորագույն դաշնակցին՝ քրդերին:

3. ԱՄՆ-ի նման որոշումը կարող է պայմանավորված լինել Թուրքիայի, նաև մյուս դաշնակիցների հետ «մեծ գործարքի» հնարավորությամբ, որի սակարկության թեմաներից մեկն էլ Սիրիայի հյուսիսում՝ հատկապես քրդաբնակ շրջաններում Անկարայի ունեցած հավակնություններն են, որոնց առարկայացման առաջնային խոչընդոտը ԱՄՆ-ի ներկայությունն էր այդ շրջաններում: Հարկ է հիշեցնել, որ Վաշինգտոնի որոշմանը նախորդել էր Անկարայի՝ Սիրիայի հյուսիսում նոր ռազմագործողություն նախաձեռնելու վերաբերյալ հայտարարությունը:

4. Հնարավոր է՝ նման քայլով ԱՄՆ-ը մտադիր է հակասություններ հրահրել Թուրքիա-ՌԴ-Իրան հարաբերություններում, քանի որ Անկարայի ուղղակի գործողությունները բախվելու են Աստանայի ձևաչափում նրա գործընկերների շահերին:

5. ԱՄՆ-ի հեռացումը Սիրիայից կարող է մղել այդ երկրի քրդական ուժերին՝ համագործակցության գնալ կառավարության հետ թուրքական հաշվեհարդարից խուսափելու նպատակով, որն էլ կարող է հավելյալ լարվածություն, անգամ բախման վտանգ առաջացնել Սիրիայի և Թուրքիայի միջև:

6. Սիրիայում Իրանի ներկայության սպառնալիքի դեմ պայքարի ռազմական բաղադրիչը ԱՄՆ-ը լուծելու է Իսրայելի միջոցով, որի ուղղությամբ Թել Ավիվը տևական ժամանակ է՝ բավական արդյունավետ ջանքեր է գործադրում:

7. Սիրիայից դուրս գալու որոշումը բնավ էլ չի նշանակում, որ ԱՄՆ-ը մտադիր է ընդհանրապես հեռանալ Մերձավոր Արևելքից, քանի որ ամերիկյան արտաքին քաղաքական օրակարգում է Իրանի դեմ տարաբնույթ գործողությունների ծրագիրը, և չի բացառվում, որ նման կերպ Վաշինգտոնը պատրաստվում է լիովին կենտրոնանալ հենց վերոնշյալ խնդրի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել