Aravot.am-ը գրում է.

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին տարբեր հանգամանքներում զոհված ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի այրիները դեմ են «Սասնա ծռերի» հանդեպ վերջերս կիրառված համաներման ակտին: Այս մասին նրանք այսօր դատարանում ասացին լրագրողներին: Հիշեցնենք, որ համաներումը չի վերաբերում նշյալ ոստիկանների սպանության համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանին, ինչպես նաեւ՝ Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանին:

Այն տարածվում է խմբի մյուս անդամների վրա, որոնք կալանքից ազատված են, բայց եթե առաջիկա նիստերում զոհվածների հարազատները դատարանում հայտարարեն առարկության մասին, ապա նրանք էլ չեն համաներվի: Յուրի Տեփանոսյանի այրին՝ Արփինե Թումասյանը համաներումը «ամոթ» որակեց: «Ես դեմ եմ: Չեմ կարող երկու տարեկան երեխայիս հետ քայլել եւ նայել, թե…ծիծաղելի է նրանց բանտերից բաց թողնելը: Եթե դատավճիռ դեռ չկա, ինչպե՞ս կարելի էր նրանց բանտերից ազատել:

Նրանք պետք է հետ գնան բանտեր: Նրանց կանայք պետք է ճաղերի հետեւից տեսնեն նրանց, որ մենք մխիթարվենք, մենք մղկտում ենք երկու տարուց ավելի»,-հայտարարեց Արփինե Թումասյանը: ՊՊԾ գնդում զոհված մյուս ոստիկանի՝ Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը, համաներման ակտը «խեղկատակություն» որակեց: Ապա նշեց, որ ինքն ու Արփինե Թումասյանը վիրավորված են Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությունից, թե ոստիկանապետը խոչընդոտում է Սեֆիլյանի եւ զոհված ոստիկանների հարազատների միջեւ հանդիպմանը. «Մենք վիրավորված ենք: Ուրեմն, սեփական խելք չունեի՞նք, որ ինչ-որ մեկը պետք է մեզ ուղղորդեր: Շատ վրդովված ենք: Երեք զոհ է եղել: Աստված չանի, եթե պատերազմ լինի, այդ տղաները պակաս կկռվեի՞ն…սպանեցին, հիմա էլ ավել պակաս խոսում են: Կամ, դատարանում այնպիսի հայտարարություններ են անում, կարծես իրենց տանը լինեն»: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել