Կրկին հիմնավորեմ, թե արմատական սահմանադրական փոփոխություններն ինչու են հրամայական (բացի այն մարազմը վերացնելուց, ինչի մասին նախկինում գրել եմ)։

Քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն ակնարկեց, թե իշխանության ճյուղերի միջև հակակշռման ու սահմանադրական ինստիտուտների արդյունավետ գործառնության/փոխազդեցության հարցը կլուծեն օրենսդրական փոփոխությունների միջոցով: Դա հնարավոր չէ. իշխանության բաշխման խնդիրը լուծում է Սահմանադրությունը, ավելի ցածր մակարդակի դեպքում սոսկ շտրիխներ են արվում: Սահմանադրական ինստիտուտները գործելու են ոչ թե վակուումի մեջ, այլ Սահմանադրությամբ գծված ճարտարապետության պայմաններում: Եթե շենքի կարկասը չի շտկվելու, մնացածը Պիզայի թեք աշտարակն է դառնալու:

Կյանքն ապացուցեց, որ գործող սահմանադրությունը ֆորսմաժորների դեպքում քաղաքական ճգնաժամի լուծման հարցը չի լուծում: Նման հարցերը լուծելի են միայն սահմանադրական փոփոխություններով: Դատական իշխանության արմատները կրկին գնում են դեպի սահմանադրական ճարտարապետություն. կոսմետիկայով դատարաններն ու դատավորներն անկախ չեն դառնալու: Ու այսպես հա կարելի է թվարկել:

Փաշինյանի կառավարությունը, եթե չնախաձեռնեց այս լայն քաղաքական ռեֆորմները, թող պետական իշխանության գործառնության մեծ արդյունավետություն, առավել ևս՝ ինստիտուցիոնալ ժողովրդավարական կառավարման երկարաժամկետություն չակնկալի: Քաղաքական կամքն անքննադատելի է, բայց այն նույնպես պետք է ամրագրվի ինստիտուցիոնալ կառավարման մեջ, որպեսզի ժողովրդավարական գործընթացները՝ ընտրություններ, լավ կառավարում, պայքար կոռուպցիայի դեմ, երբեք անձից կախված չլինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել