Սեպտեմբերի 17-ին Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Լաթակիայում, ռուսական հետախուզական ինքնաթիռի խոցման միջադեպից հետո առաջին անգամ իսրայելական օդուժը նոյեմբերի 29-ին ռազմագործողություն է իրականացրել այդ երկրում: 

Այս անգամ ևս թիրախավորվել են իրանական դիրքերը, բայց արդեն Արաբական Հանրապետության հարավարևմտյան շրջաններում՝ Դամասկոս և ալ-Կունայտրա նահանգներում: Չնայած նախապես ներկայացված կեղծ հաղորդագրությանը (իսրայելական ռազմական ինքնաթիռի և մի քանի հրթիռների խոցման վերաբերյալ)՝ սիրիական ՀՕՊ համակարգերը չեն կարողացել առարկայական պատասխան տալ հակառակորդին:

Հարկ է նշել, որ ՌԴ կողմից Սիրիային մատակարարված С-300 ՀՕՊ համակարգերը գործարկվելու են միայն 2019թ. սկզբին և տեղակայված են լինելու հատկապես ռուսական շահերի գոտի հադիսացող շրջաններում, որպիսին չի համարվում, մասնավորապես, նախօրեին թիրախավորված ալ-Քիսուա շրջանը: Սիրիայի այս և Իսրայելին սահմանակից այլ հատվածներում ակտիվ են հատկապես Իրանը և նրա հովանավորյալ տարաբնույթ կառույցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել