Կասկած չկա, որ սիրիական հիմնախդրի համատեքստում կրկին բախվել են Թուրքիայի և Իրանի շահերը։

Սիրիայում կարգավորման հասնելու նպատակով Մոսկվայի, Թեհրանի և Անկարայի միջնորդական ջանքերով ընթացող աստանյան գործընթացի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների հերթական՝ երրորդ փուլից հետո, ամենայն հավանականությամբ, հենց թուրքական կողմի դրդմամբ սիրիական, այսպես կոչված, չափավոր ընդդիմության ներկայացուցիչը հանդես է եկել Իրանին հասցեագրված ծանր մեղադրանքերով՝ պահանջելով կանգնեցնել իրանցի զինվորականներին, որոնք իբր սպանում են սիրիացի երեխաներին։

Սրան ի պատասխան՝ Աստանայի բանակցություններում սիրիական պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ում պաշտոնական Դամասկոսի ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին ուղղակի մեղադրանքների տարափ է տեղացել Թուրքիայի հասցեին՝ ոչ միայն պնդելով, որ Անկարան պետք է դուրս բերի Սիրիայում անօրինական կերպով տեղակայված իր բոլոր զինված ուժերը, այլև դատապարտելով վերջինիս հակամարտության մեջ ներգրավված ահաբեկիչներին քիմիական զենք տրամադրելու համար։

Թուրք-իրանական այս «բախումն» աներկբայորեն տեղի է ունենում Թեհրանի հանդեպ ամերիկյան քաղաքականության կոշտացման խորապատկերին, ինչի արդյունքում Թուրքիայում հավանաբար պատրանքներ են ի հայտ եկել առ այն, որ ծանրագույն պատժամիջոցներին դիմակայող Իրանի համար Անկարան անփոխարինելի գործընկեր է, հետևաբար հնարավոր է սիրիական հարցում հասնել իրանական դիրքերի թուլացման, իսկ լավագույն դեպքում Սիրիայից Իրանի մասնակի կամ ամբողջական դուրսմղման։

Որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, նման հաշվարկում թուրքական կողմի համար անսպասելի խոցելի կետ կարող է դառնալ Իրանի հանդեպ իր բարեկամական դիրքորոշումներն անխախտ պահող Հայաստանը, որը խելամտորեն կառուցված քաղաքականության արդյունքում մեր հարավային հարևանի հետ գործակցության խորացման միջոցով հնարավորություն ունի ոչ միայն շատ հարցերում վստահելի այլընտրանք դառնալ Թուրքիային, այլ նաև զգալիորեն նվազեցնել Անկարայի նշանակությունն իրանական կողմի համար՝ նաև տարածաշրջանային զարգացումներում նկատելիորեն ամրապնդելով թե՛ Երևանի և թե՛ Թեհրանի դիրքերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել