24news.am-ը գրում է.

Նոյեմբերի 23-ից մեկնարկած «Սև ուրբաթի» շրջանակում հայաստանյան բազմաթիվ խանութներում հայտարարվել են զեղչեր։ Մինչդեռ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 24news-ի հետ զրույցում նշեց, որ ահազանգ են ստացել, որ  «Սև ուրբաթ»-ի շրջանակում ապրանքն էժանանալու փոխարեն թանկացել է։

«Տգեղ միջադեպեր ենք արձանագրել․ նախորդ օրը տվյալ ապրանքը վաճառվել է 55 հազար դրամով, «Սև ուրբաթ»-ի օրը գնի ավելացում է եղել, և նույն ապրանքը զեղչի տակ վաճառվել է 60 հազարով»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։

Ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի՝ Հայաստանում զեղչերի սահմանման մասով իրավակարգավորում չկա։ Տնտեսվարողը տարբեր մեխանիզմներով կարող է մոլորեցնել սպառողին ու պատասխանատվության չենթարկվել։

«Այլ երկրներում «զեղչ» եզրույթն իրավական առումով կարգավորվում է։ Զեղչի հաշվարկման համար կարևոր է ունենալ շուկայական միջին գնի վերաբերյալ տեղեկատվություն։ Հստակ կարգավորումներ կան, թե որ դեպքերում կարող է զեղչ սահմանվել։ Եվրոպական երկրներում տնտեսվարողը չի կարող 100 հազար դրամանոց ապրանքը հաջորդ օրը 20 հազար սահմանել կամ հայտարարել զեղչ, բայց իրականում չանել, մինչդեռ Հայաստանում կարող է նման բան լինել», - ասաց Բաբկեն Պիպոյանը և հավելեց, որ «Սև ուրբաթը» մշակույթ է, ուստի ժամանակ է պետք, որպեսզի այդ մշակույթը մտնի նաև մեր իրականություն։

«Բարձրակրունկի վրա քայլելը գեղեցիկ է, բայց երբ փոքր երեխան է բարձրակրունկի վրա քայլում, ընկնում է։ Որոշ ժամանակ անց երեխան այլևս չի ընկնում, բայց դեռ ծիծաղելի ձևով է քայլում։ Այնքան է քայլում, մինչև սկսում է նորմալ քայլել»,-համեմատեց Պիպոյանը։

Thumbnail

Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ պետությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի, որպեսզի զեղչը մեզանում դառնա մշակույթ։ Իսկ դա կլինի միայն այն ժամանակ, երբ զեղչն իրավական սահմանում ստանա։

«Այսօր բիզնեսը ապրանքի գինը կարող է հայտարարել 10 հազար դրամ, մի քանի օր հետո վաճառել 20 հազարով, հետո 40 տոկոս զեղչ հայտարարել ու 10 հազար դրամանոց ապրանքը 12 հազարով վաճառել»,-ասաց Պիպոյանը և տեղեկացրեց, որ իրենց ՀԿ-ն մշատադիտարկում չի անում, քանի որ դա անանդյունք է։

«Բիզնեսն ասում է՝ միամիտ է այդպես ստացվել, խառն ենք եղել, օրենքն էլ ոչ մի բանով նրան չի խանգարում դա անել», - բացատրեց ՀԿ նախագահը։

Բաբկեն Պիպոյանն նաև նշեց, որ բիզնեսը չի շռայլի զեղչ հասկացությունը, սպառողի մոլորվելու հավանականությունն էլ կլինի քիչ, եթե զեղչային համակարգը կարգավորելու առնչությամբ համապատասխան օրենսդրական նախաձեռնություն լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել