Դոնալդ Թրամփի վարչակարգն ամենայն լրջությամբ զբաղված է, պատկերավոր ասած, «փրկել ոչ շարքային արքայազնին» հատուկ գործողության նախապատրաստմամբ, որի նպատակը սաուդյան գահաժառանգ արքայազն Մուհամմադ բն Սալմանի հետքերը հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսական ներկայացուցչությունում սաուդցի այլախոհ Ջամալ Խաշոկջիի աղմկահարույց սպանության գործում կոծկելն է:

Բանն այն է, որ հանցագործության հետաքննության արդյունքում պարզված նոր հանգամանքները, կարծես, անհերքելի են դարձնում սաուդյան արքայազնի մեղսակցության իրողությունը: Իսկ Թուրքիայի իշխանությունները, ի դեմս նախագահ Ռեջեփ Էրդողանի, քաջ գիտակցելով իրենց ձեռքին հայտնված քաղաքական հաղթաթղթի կարևորությունը, պարբերաբար խաղարկում են այն՝ սակարկությունների, հատկապես շանտաժի լայն դաշտ բացելով նախ Էր Ռիադի, ապա նաև Վաշինգտոնի հետ:

Խնդիրն այն է, որ Թրամփի վարչակազմի մերձավորարևելյան քաղաքականության օրակարգի իրացման բավական կարևոր շրջափուլում առանցքային դաշնակցի՝ Մուհամմադ բն Սալմանի հետ կապված նման աղմկահարույց գործի ի հայտ գալը լուրջ խնդիրներ է առաջացնում հատկապես Իրանի դեմ ծրագրված գործողությունների տեսանկյունից, հետևաբար փորձագիտական շրջանակների կանխատեսմամբ՝ Սպիտակ տունը բոլոր հնարավոր միջոցները կիրառելու է՝ իրավիճակը շտկելու համար:

Նշվածի համատեքստում շրջանառվող ամենաուշագրավ սցենարներից մեկը Էրդողանի «բերանը փակելու» համար ԱՄՆ-ում ապաստանած Թուրքիայի նախագահի ամենաոխերիմ հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին Անկարային արտահանձնելու հավանականությունն է, որի իրականացման իրավական հնարավորությունները քննարկելու հանձնարաություն է դեռևս անցած ամիս տվել Թրամփի վարչակազմն երկրի իրավապահ մարմիններին:

Այսպիսով, կարծես, ստեղծվել է մի իրողություն, երբ ԱՄՆ-ը պատրաստ է զոհաբերել Թուրքիայի իշխանությունների դեմ ունեցած կարևորագույն խաղաքարտերից մեկը, ըստ Էրդողանի՝ 2016թ. հուլիսյան ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպչին՝ փրկելու համար Մերձավոր Արևելքում Թրամփի ամենակարևոր և արկածախնդիր դաշնակիցներից մեկին՝ սաուդյան գահաժառանգ արքայազնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել