Aravot.am-ը գրում է.

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում 2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ «փոխանցիկ բյուջե» անվանեց վարչապետի անվանած իներցիոն բյուջեն, ասաց, որ այս բյուջեն պետք է փոխանցեն հաջորդ կառավարությանը, բայց այն խորհրդարանը, որը հաստատելու է այս բյուջեն, այն վերահսկելու հնարավորություն չունի: Նա ասաց, որ իրենք կողմ են քվեարկելու՝ ելնելով նրանից, որ «վերջին շնչում պետք չի խնդիրներ ստեղծել»:

Մեկ այլ պատճառ էլ կա, որը ՀՅԴ-ին դրդում է կողմ քվեարկել այս բյուջեին՝ բազային կենսաթոշակն ավելանում է 10 հազար դրամով, որը կարեւոր քայլ որակեց Ռուստամյանը. «Մենք պետք է հետագայում հասնենք նրան, որ հասկանանք՝ եթե մենք ասում ենք, որ երկրում աղքատներ չպետք է լինեն, նախ պետք է բանաձեւումն ունենանք՝ ի՞նչ է նշանակում աղքատ: Մինչեւ հիմա ոչ ոք չի փորձել ուղիղ հայացքով նայի եւ ասի, որ աղքատ են բոլոր նրանք, ովքեր կենսապահովման նվազագույն զամբյուղի չափ եկամուտ չունեն, որը նշանակում է պարենային առնվազն բավարար քանակի եկամուտ ունենալ, որ 2500 կկալ մարդը կարողանա օրական սնվելով ստանալ, ոչ պարենային անհրաժեշտ ծավալ՝ ծախսերն իրականացնելու համար՝ հագուստ եւ այլն, նաեւ ծառայություններ կարողանա ստանա:

Եթե այդպես նայենք, կտեսնենք, որ մեր երկրի բնակչության երեւի 70-80 տոկոսն է, որ աղքատ է: Այնպես որ ասել, որ մեր երկրում աղքատներ պետք է չլինեն դեկլարատիվ հայտարարություններ են: Ներկայումս բազային կենսաթոշակը 16000 դրամ է, ամոթ է ուղղակի, որ մենք այդպիսի թիվ ունենք: Հիմա գոնե 10 հազարով բարձրացվում է, որը էլի ամոթ է, որովհետեւ 26 հազարն էլ ոչինչ չասող թիվ է ու ոչ մի ձեւով չի կարող սփոփել որեւէ աղքատի, չքավորի իրավիճակ:

Այդ առումով ապագա իշխանությունները անելիքներ ունեն: Քիչ է ասել, որ հայ մարդը աղքատ չպետք է լինի, դրա համար նախ պետք է իրական գնահատումներ անել աղքատության ու իրական ծրագրեր իրականացնել, որ աղքատությունը վերացվի»:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել