Թերևս ներքաղաքական կյանքում իշխանությունների վարած սիրողական, իսկ հաճախ` բացահայտ կոպիտ սխալները հետագայում հեղափոխական էյֆորիայից ձերբազատվելու դեպքում կարող են և ուղղվել, բայց արտաքին քաղաքական հարթակում որևէ սխալ կարող է որոշիչ, նույնիսկ ճակատագրական լինել պետության համար: Այս առումով, կարծում եմ, Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր բավականին անպաշտպան վիճակում դեգերում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոթորկվող ալիքների վրա: «Մեր արտաքին քաղաքականությունը հայամետ է»․ իշխանությունների այս հայեցակարգ-եզրույթը, ըստ էության, ընդամենը հասարակության ազգային-պետական արժանապատվության բաց էմոցիան գողացող լոզունգ է: Կարելի է ասել` վարվող քաղաքականությունը ոչմիՄԵՏ է, ավելին՝ վերջին զարգացումների խորապատկերին` նույնիսկ հայավնաս:

Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից հետո զգացվեց, որ Ն.Փաշինյանը վախեցած է և այդ վախը շտապեց փոխանցել նաև հասարակությանը` ազդարարելով, որ հայ-իրանական սահմանը դե ֆակտո կարող է փակվել: Այդ հանդիպմանը, ինչպես Ն. Փաշինյանը կասեր, ծուռ վզով կամ վախեցած չներկայանալու դեպքում Բոլթոնի ակնկալիքներին ի պատասխան կարելի էր ընդամենը հայտարարել, որ մենք ինքներս Մինսկի խմբի ձևաչափով և համախոհությամբ կորոշենք, թե երբ և ինչպես անդրադառնալ արցախյան հիմնահարցին, իսկ ԱՄՆ նախագահի խորհրդականի ակնարկը` Իրանի հետ սահմանը փակելու մասին, ինչն այսօր մեզ համար կենսական տարածք է, նշանակում է հաշվի չառնել շրջափակման մեջ հայտնված Հայաստանի վիճակը և այդ քայլով գրեթե ամբողջությամբ բլոկադայի ենթարկել Հայաստանը: Դա, թերևս, կլիներ այբբենական ճշմարտություններ բարձրաձայնող ինքնիշխան պետության ղեկավարի արժանապատիվ և դիվանագիտորեն անխոցելի պատասխանը: Որքան էլ հետագայում նախարար Զ. Մնացականյանը փորձեց զգուշորեն խմբագրել Ն. Փաշինյանին, բայց, ինչպես ասում են, ավետաբեր թռչունն արդեն թռել էր. տրամադրությունը շոշափված էր, հանձնարարականը` տրված:

Շատ ավելի անորոշ և մտահոգիչ է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը և միջպետական հարաբերությունների ընդհանուր վիճակը մեր ռազմավարական դաշնակցի` ՌԴ-ի հետ: Ակնհայտ է, որ ոչ միայն Կրեմլը, նաև ռուսական քաղաքական միտքն անթաքույց անվստահություն են հայտնում Ն. Փաշինյանի վարած քաղաքականությանը: Եվ դա հասկանալի է. բացահայտ հակառուս, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի և, ընդհանրապես, հայ-ռուսական ցանկացած հարաբերություն Հայաստանի զարգացմանը խոչընդոտող որակող երեկվա ընդդիմադիրն, իշխանության գալով, միանգամից, հաշված օրերի ընթացքում արմատապես փոխում է իր մոտեցումները` առիթը բաց չթողնելով իր անվերապահ հիացմունքն արտահայտել այդ կառույցների ու հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ ջերմության մասին: Նույնիսկ Դուշանբեում վերջերս տեղի ունեցած ԵԱՏՄ-ի գագաթնաժողովից հետո, իր իսկ ձևակերպմամբ, շոկ է ապրել փակ նիստերում «բռնապետերի»` այդ կառույցում քննարկվող ժողովրդավարական և առողջ դիսկուրսից: Հավատալ երեկվա ընդդիմադիրի նման արմատական կերպարանափոխությա՞նը, թե՞…

Վերջերս մեր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ռուսական իշխանամետ քաղվերլուծաբաններից մեկն ուղղակի անհամոզիչ ու անվստահելի է որակել Ն. Փաշինյանի քաղաքական կեցվածքը ՌԴ-ի նկատմամբ: Մտահոգիչ համարելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը` ծիծաղելի է համարել Ն. Փաշինյանի կողմից Վ. Պուտինի հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո անձամբ Ռուսաստանի նախագահի հասցեին բացառիկ ջերմ և ընկերական հարաբերությունների մասին շարունակաբար ձոնվող դիֆերամբները:

Իսկ այս ընթացքում Ադրբեջանը բավականին լուրջ և փաստաթղթավորված հաջողություններ է գրանցել ՌԴ-ի հետ հարաբերություններում: Վերջին ավելի քան երկու տասնամյակների ընթացքում ռուս-ադրբեջանական հարաբերությունները երբեք այնքան ջերմ, փոխշահավետ ու ռազմավարական գործընկերության տիրույթում չեն եղել, ինչպիսին այսօր է: Վերջերս նրանց միջև ստորագրած 15 միջպետական պայմանագրերը, իսկ որ ՌԴ-ի համար առավել կարևոր է, Կասպից ծովի կարգավիճակի մասին համաձայնագիրն այդ հարաբերությունների բարձր մակարդակի փաստական վկայությունն են: Ի դեպ, այդ համաձայնագրի ստորագրմանը շուրջ 25 տարի շարունակ ընդդիմանում էր հատկապես Ադրբեջանը. ռուսական կողմի պահանջն իմպերատիվ էր` բացառել Կասպից ծովում երրորդ պետության ռազմական ներկայությունը, ինչն ակնհայտորեն Ադրբեջանի դաշնակիցների սրտով չէր: Ի վերջո, համաձայնությունը կայացվեց…

Ի՞նչ փոխվեց այս ընթացքում կամ, ավելի ստույգ, ի՞նչ գին պետք է վճարի ռուսական կողմը Ադրբեջանին, որտե՞ղ այն պետք է փնտրել… Չմոռանանք նաև, որ ՌԴ-ն, Ղազախստանի և Բելառուսի հետ միասին աշխատում են, որպեսզի օր առաջ Ադրբեջանը որևէ կարգավիճակով մաս կազմի ՀԱՊԿ-ին: Իսկ առայժմ մենք մեր իսկ դուխով կեցվածքի շնորհիվ, ստվերելով այդ կարևորագույն կառույցի հեղինակությունը, խնդրահարույց դարձրինք ՀԱՊԿ-ի գործող կանոնադրությամբ այդ կառույցը ղեկավարելու մեր պետության իրավունքը:

Վերջապես պետք է վերջ տալ միջազգային ամբիոններում Ն. Մանդելային ցիտելով և Վ. Պուտինին անպատասխան հաճոյախոսելով դեգերել արտաքին քաղաքական հարթակներում առանց ժամանակի մարտահրավերներին դիմակայող հստակ մշակված հայեցակարգի: Եվ դա՝ այն դեպքում, երբ ակնհայտ տեսանելի են Հայաստանին նետված մարտահրավերներն ու դրանց վտանգավորության սահմանը: Այսօր արդեն ուշացել ենք: Եվ եթե իշխանության փաստացի միակ կրողը` Ն. Փաշինյանը, շարունակի դիրիժորել բանական խոսքն ու միտքը մերժող հրապարակի «հու-հու-հու, գըմփ»-ը, շարունակի սևեռված օգտագործել նախկինների նկատմամբ եղած ատելության ռեսուրսը սեփական իշխանությունն առավել ամրապնդելու նպատակով, վաղը կարող է շատ ավելի ուշ լինել…

Եվ այնժամ արդեն նախադեպով ինչ-որ մեկը կարող է ճիշտ լինել, Նիկոլը` սխալ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել