Հիմա խոսենք մի երկու բառ Հայաստանից՝ Լևոնի Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյան:

Եվ ուրեմն՝ ի՞նչ արեց Տեր-Պետրոսյանը Լիսաբոնում 1996 թ.։ Վերահաստատեց դիրքորոշումը Մինսկի խմբի ձևաչափի ու ուղղակի երկխոսությամբ հակամարտությունը բանական և արդարացի փոխզիջման հիման վրա շուտափույթ կարգավորելու նպատակով: Իսկ ո՞վ էինք մենք․ հաղթած երկիր: Ներհայաստանյան իրավիճակը գնալով բարդանում էր, Տեր-Պետրոսյանն օր-օրի կորցնում էր փաստացի իշխանությունը, կար Վազգեն, կար Վանո, կար Դեմիրճյան: Վերջիններիս հետ ինքը չէր կարող «դու»-ով խոսել ու պետք է հաշվի առներ նրանց տեսակետները թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունը կառուցելիս: Այս ամենի ֆոնին հայտնվում է Սերժ Սարգսյանը՝ ստանձնելով ՀՀ ՆԳՆ ու ԱԱԾ համատեղված սուպերնախարարի պաշտոնը, սակայն նա նույնիսկ սուպերնախարարի կարգավիճակում չէր կարող հակակշռել ո՛չ Վանո Սիրադեղյանին, ո՛չ Վազգեն Սարգսյանին, ո՛չ Կարեն Դեմիրճյանին, իսկ Տեր-Պետրոսյանի իշխանությունը գնալով իմաստազրկվում ու կորցնում էր «իշխանական ուժը»: Հարկ է նշել, որ Սերժ Սարգսյանը Տեր-Պետրոսյանին ենթակա էր, նա կատարող էր՝ հնազադ ու լուռ, որը չէր կարելի ասել այն ժամանակների մնացյալ ֆիգուրանտների մասին: Վճռվեց ներկայացնել հրաժարական ու երկիրը ժամանակավոր հանձնել մեկ ուրիշին, մինչ կկարգավորվեր ամենը: Իսկ ո՞վ պետք է լիներ ՀՀ նախագահը, երբ հեռանար Տեր-Պետրոսյանը՝ Բաբկեն Արարքցյա՞նը, Վանո՞ն, Վազգե՞նը, Դեմիրճյա՞նը։ Ո՛չ։ Նրանք բավականաչափ «ուժեղ» էին ու կարող էին ուղղակիորեն սեփականաշնորհել ներհայաստանյան մթնոլորտը, առանց այն էլ վերջիններիս միջև բալանսավորումը չափազանց խրթին էր: Գուցե Տեր-Պետրոսյանը գալիք նախագահին ընտրելիս առաջնորդվում էր Սերժ Սարգսյանի ընտրության չափանիշներով՝ հլու-հնազանդ, կատարող, չհակառակվող, և ՀՀ երկրորդ նախագահ այս ամենի արդյունքում դարձավ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի նախագահը, ով պետք է անպայման տապալվեր (դա էին գուժում ժամանակն ու իրականությունը): Ժամանակակիցները հավանաբար կարծում էին՝ նա շատ կարճ ժամանակում կտապալվի, նա չի հաջողի․ դրա համար առկա էին բոլոր հիմքերը՝ գործազուրկ Հայաստան, աղքատություն, արտագաղթ, պատերազմից նոր դուրս եկած ու հետպատերազմյան տարիներ ապրող երկիր, ՀՀՇ-ական ապերասան իշխանություն, քաղաքական ֆիգուրանտների միջև պայքար, բարոյալքված ժողովուրդ...

Եվ ստանձնեց Քոչարյանն իշխանությունը, հակառակի պես կարծես հաջողեց, բայց իշխանության հենց սկզբում Հայաստանն ապրեց մեծագույն ողբերգություն՝ հոկտեմբերի 27-ը, երբ գլխատվեց երկրի քաղաքական էլիտան՝ օրենսդիր իշխանությունը: Սպանվեցին Վազգենը, Դեմիրճյանը, չկար Վանոն... Կարծես թե այս հարվածին երկրորդ նախագահը պետք է չդիմանար, պետք է, փաստացիորեն օրենսդիր իշխանությունից զուրկ լինելով, գահավիժեր ու ճամփա բացեր նրանց համար, ովքեր տենչում էին Հայաստան առանց ֆիգուրանտների՝ ձևավորելու համար աբսոլյուտ իշխանություն ու, ի թիվս այլ հարցերի, շուտափույթ լուծելու Արցախյան խնդիրը, որը մշտապես Հայաստանի Երրորդ Հանրապետության կարևորագույն խնդիրն է եղել ու կա, լուծեին թեկուզ փոխադարձ զիջումների, ընդհուպ մինչև Լաչինի միջանցքի բացման եղանակով:

Ամեն դեպքում այսօր ունենք փաստ՝ երկրորդ նախագահը հաջողեց, չտվեցինք գեթ մի թիզ հող ու պարադոքսալն այն է, որ չունեցանք նաև պատերազմ, ունեցանք տնտեսական աճ, թող ոչ երկնիշ, բայց աճ, չունեցանք արտագաղթ: Ինչևէ, լավ էր, սակայն քանի որ այս գրառումս նվիրված չէ կոնկրետ քոչարյանական տարիների ձեռքբերումների խնդրին, հակադիր տեսակետ արտահայտողներին կխնդրեմ չֆիքսվել դրանց վրա, քանի որ չկա իշխանություն, որը բացառապես հաջողել է առանց կորուստների, ուստի անցում կատարենք հետագային:

2008 թիվն էր, տեղի ունեցավ Հայաստանի Երրորդ Հանրապետության ևս մեկ ողբերգական դեպք՝ մարտի 1-ը: Քանի որ մասնագիտությամբ փաստաբան եմ, զերծ կմնամ կարծիքների հանգամանալից արտահայտումից, ի տարբերություն ներկայիս ՀՔԾ պետի ու վարչապետի պաշտոնակատարի՝ հաշվի կառնեմ քրեական դատավարության իմաստով ֆունդամենտալ անմեղության կանխավարկածի ու նախաքննության գաղտնիության իրավադրույթները, սակայն ընթերցողը թող իրեն թույլ չտա կարծել, թե Քոչարյանը կարող է մեղավոր լինել, ուստի շրջանցում եմ այս խնդիրը, ֆիքսում եմ՝ հարգում եմ օրենքը, թե չէ ասելիք շատ կա:

Քոչարյանին նախագահի պաշտոնում փոխարինեց Սերժ Սարգսյանը: Կարծես վերջինս շարունակում էր քոչարյանական իշխանության սկզբունքները կրելը, սակայն Կազանում վերջինս շեղվեց քոչարյանական օրակարգից՝ համաձայնելով այդտեսակ փոխզիջումներին: Այդ ամենին հետևեցին Հայաստանի Սահմանադրության փոփոխումն ու Հայաստանի պառլամենտացումը: Ի՞նչ էր ակնկալվում այդ ամենով՝ ստեղծել պայմաններ դեմոկրատիայի իրացման առավել նպաստավոր պայմաննե՞ր։ Իհարկե ոչ, կույրին էլ տեսանելի էր, որ Հայաստանում կա ՀՀԿ ու նրան սպասարկող քաղաքական դաշտ գրեթե առանց բացառության՝ «Սասնա ծռեր», «ԲՀԿ», «ՀՅԴ», «Երկիր Ծիրանի» և այլն։ Այդ դեպքում ինչի՞ էր պետք երրորդ նախագահին հայկական պառլամենտարիզմը։ Հավանաբար վերարտադրվելու համար այլ կերպարով, օրինակ՝ իր փեսայի՝ օրերս հետ կանչված Վատիկանի դեսպան, կիրթ ու էրուդիցիայով լեցուն Միքայել Մինասյանի դեմքով:

Ամեն դեպքում Հայաստանը պառլամենտարիզմի ենթարկվեց, որն, ըստ իս, բավականին սխալ ու կործանարար է մեր պետականության թե՛ ներքին, թե՛ արտաքին վեկտորների առումով: Մինսկի խմբի համանախագահների կարգավորման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության իրավունքի համատեքստային լուծման առումով համաշխարհային հանրությունը շուրջ 5 տարի է՝ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններից ու խնդրո կարգավորման մյուս կողմերից «պահանջում» է լուծել խնդիրը: Ռուսաստանը տարածաշրջանում ունի գերշխող դիրք, ուստի, այդ դիրքի գերիշխող լինելու փաստի վերահաստատման ջանքերից ելնելով, ռուսները պետք է «լուծեն» խնդիրը, սակայն ռուսներն արցախյան խնդրի լուծման հետ մեկտեղ ունեն մեկ գերխնդիր ևս․ Անդրկովկասում, ի տարբերություն իր դաշնակից Հայաստանի, Ադրբեջանը համաշխարհային քաղաքականության իմաստով համեմատաբար անկախ է (Բաքու-Ջեյհանը բրիտանացիքինն է), Թուրքիայի եղբայրն է, պանթուրքիզմ-պանիսլամիզմի կարծես մեռյալ ծրագրերի կապող օղակն է, Կասպից ծովի վերաբերյալ համաձայնագրի անդամ, Իրանի հետ ունի խնդիրներ, իսկ ԱՄՆ-ը կարծես հավասարապես է նայում թե՛ իրենց, թե՛ մեզ։ 

Ինչպե՞ս ռուսները լուծեն այս թնջուկը: Իրենց իմաստով պետք է ապահովել բալանսն անդրկովկասյան այս երկու հանրապետությունների միջև։ Հայաստանի պառլամենտացումից հետո պետք է իշխանությանը մնար Կարեն Կարապետյանն, ով բավականին պրագմատիկ քաղաքականություն էր վարում՝ զարկ տալով Հայաստանի տնտեսական հզորացմանը․ ի դեպ, ներկա կառավարության տնտեսական աճը դեռ նախկին կառավարության իներցիան է, իսկ գեոպոլիտիկ իմաստով Հայաստանը սատարելու էր Ռուսատստանին՝ ՀԱՊԿ և մնացյալ առումներով իր դաշնակցին: Սակայն բաց էր մնում Արցախյան հիմնահարցը, որի լուծման բեռը դրված էր Սերժ Սարգսյանի ուսերին։ Վերջինիս ուսերին դրված էր նաև Հայաստանում իշխանության վերարտադրման՝ իր համար անհրաժեշտագույն խնդիրը: Ձևավորվել էր «ԵԼՔ» դաշինքը։ Ի դեպ, այն, կատարելով սցենարով իր ամբողջական ֆունկցիան, երեկ, փաստորեն, սպառվեց ու ցրվեց։ Այն, ըստ հավաստի աղբյուրների, նախկին ԱԺ ընտրությունների ընթացքում ամեն կերպ օգտվել է իշխանությունների լոյալ վերաբերմունքից, ավելին՝ հետընտրական պրոցեսներում որևէ կերպ չի առարկել, չի վիճարկել ընտրությունները, այլ ստանձնել է մանդատներն ու «խելոք» անցել գործի:

2018թ. մարտ-ապրիլին «ԵԼՔ» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանն, ինչպես կայծակ անամպ երկնքում, ձեռնամուխ եղավ «Իմ քայլ»-ը նախաձեռնությանը, որը բերեց նրան, ինչ ունենք այսօր: Ապրիլի 23-ի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին բազմիցս անդրադարձել եմ՝ այն անվանելով քաղաքական կտակ: Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը ստանձնեց իշխանությունը՝ խոստանալով չափազանց շատ բան այս վերջին տարիներին հիրավի անիրավությունից կքած ժողովրդին, Փաշինյանն իր առաջնահերթությունը համարեց սին խոստումներով լցնել ներհայաստանյան եթերը, խաբկանքով՝ աշխարհաքաղաքականությունը, իսկ մարտի 1-ի գործով միակ ու անհերքելի մեղավոր ճանաչել Ռոբերտ Քոչարյանին, որպիսի հրահանգի իրացման համար արդեն ամիսներ շարունակ տառապում, գլուխ են կոտրում «հայոց իրավաբաններն» ու փորձում են իզոլացնել նրան։ Իրատեսորեն ինձ մոտ տպավորություն է ձևավորվում, որ միակ անհատն, ում ձգտում են «կոտրել» հեռավոր 90-ականներից, բայց չեն կարողանում, հենց ինքն է՝ Քոչարյանը:

Պոպուլի՞զմ, սուտ խոստումնե՞ր, քաղաքական կարճատես հեռատեսությո՞ւն։ Կոչեք, ինչպես կուզեք, բայց ունենք փաստ: Նիկոլ Փաշինյանը չի իրականացրել իր խոստումներից որևէ մեկը՝ ո՛չ թռիչքաձև տնտեսական աճը, ո՛չ ֆենոմենալ բացահայտումները, ո՛չ Հայաստանի միջազգային վարկի բարձրացումը և այլն, և այլն... Իսկ ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը՝ ադապտացրե՞լ է Կրեմլին, վտանգե՞լ հայ-իրանական հարաբերությունները, որոշակիորեն շողոքորթե՞լ ԱՄՆ-ին, միաժամանակ ՄԱԿ-ում ու նույնիսկ Ազնավուրի հոգեհանգստի երեկոյին խոսե՞լ քվազի հեղափոխությունից․․․ Եկեք գիտակցենք մի բան՝ ո՛չ ՌԴ-ը, ո՛չ ԱՄՆ-ն Հայաստանում չեն ֆիքսում «հեղափոխություն» եզրույթը, Լավրովն ադապտացված է, իսկ Ջուլիանին ու Բոլթոնը խոսում են իշխանության անցնցում փոխանցումից․ ի դեպ, Բոլթոնը մոսկովյան ու ադրբեջանական այցերից հետո Հայաստանում հայտնում է, որ պետք է մի կողմ դնել ավանդական կաղապարներն ու զենք գնել իրենցից (իսկ ամերիկյան զենք-զինամթերքն անհամեմատ թանկ է), միաժամանակ հայտնում է, որ «ուժեղ մանդատ» ստանալուց հետո հույս ունի, որ Փաշինյանը կանցնի վճռական գործողությունների: Որո՞նք են այդ վճռական գործողությունները՝ այդպես էլ հայտնի չեն դառնում հայ հասարակությանը, սակայն հասարակությանն ի ցույց են դրվում քոչարյանական տարիների պսևդոհանցագործություններ, որոնք թեև չեն բացահայտվում, բայց որոշակիորեն ապահովում են էյֆորիկ շարժը, գուցե մինչև «ուժեղ մանդատ» ստանալը, իսկ ինքը՝ Փաշինյանը, կապված Ղարաբաղյան հիմնահարցի հետ, չի օգտագործում «ազատագրված» կամ «հայկական տարածքներ» եզրույթը, այլ Արմեն Աշոտյանի՝ ԱԺ-ում վերջերս տված հարցին պատասխանում է՝ «Ձեր իմացած հողերը...»: Ազատված կամ գրավով բաց թողնված են շատերը, սակայն մեծամասամբ կալանքի տակ են գտնվում նրանք, ովքեր կարող են գուցե ցուցմունք տալ երկրորդ նախագահի դեմ:

Ինչևէ, այժմ մենք ունենք էմբարգոյի շեմին կանգնած ու ռազմաստրատեգիական աշխարհաքաղաքականության իմաստով շրջափակման ենթարկած Հայաստան, խոստացված ու զուր՝ «թողեք աշխատենք», «բա Սերժի ժամանակ», «ժողովուրդը մեզ հետ է» եզրույթներով արդարացվող, Փաշինյանի կողմից հովանավորվող Արարատների ու Ալենների, Ավինյանների ու Լենաների իշխանություն, ժողովրդին կենդանի վահան դարձրած կառավարություն, Երևանի էլեկտորատի մասնակիցների շուրջ 80 տոկոսը հավաքած քաղաքապետի՝ «Գազելներով» ու աղբով դեռ լեցուն Երևան, ԱԱԾ ու ՀՔԾ պետերի գաղտնալսում, ոտքի տակ տրված ու ձևականորեն օգտագործված Սահմանադրություն, վերջնականապես անգրագետ մարզպետներ, պաշտոնին ակնհայտորեն անհամապատասխան նախարարներ ու արտաքին աշխարհում «անընդունելի» վարչապետ։

Ի՞նչ է մնում մեզ այս ֆոնին։ Հավասարապես ոչինչ, միայն հետ կանգնել իռացիոնալ, պաշտամունքային, իշխանատենչ ու իշխանամոլ կեցվածքից, ունենալ ղեկավար մի այր, ով կարող է աշխարհի հետ խոսել հավասարը հավասարի պես, ում ընդունում ու հարգում են աշխարհում, ոչ թե գրպանում, ու իրենց շահն են առաջ տանում։ Այս առումով ունե՞ք տեսակետ կամ այլընտրանք, ասացեք խնդրեմ։ Լինենք խորունկ ու խորաթափանց, ո՛չ այս խենթանոցը, ո՛չ էլ կրկեսն այս մեզ չի փրկի, քանի դեռ չենք սովորել ոչ թե քվեարկել, այլ ընտրել ի մտոք ու ի սրտե։ Ի վերջո, ո՛չ Ռոհանին ու Պուտինը, ո՛չ Թրամփն ու Եվրոպան մեզ չեն ադապտացվելու (հեռու պատեհապաշտներից), ուստի մեզ մնում է հզորանալ՝ գիտակցելով մեր ազգային դեմքն ու դիմագիծը՝ պահպանելով աշխարհաքաղաքական վերադասավորումների կոնտեքստում մեր իսկ շահը, իսկ նրանք, ովքեր կարծում են՝ թեկուզ միլիոնանոց նվիրյալների հայոց զորաբանակով պետք է ապահովագրեն հողը հայոց՝ դեմ դուրս գալով ամբողջ աշխարհին, բախտախնդիր են, ոչ ավելին։

Միաժամանակ ԼԳԲՏ, աղանդներ ու նմանատիպ մնացյալ թեմաները միայն ապակողմնորոշ, ազգը պառակտող երևույթներ են, որոնք եթե առչնվում էլ են Հայոց հարցին, ապա ոչ արմատապես ու ոչ սկզբունքային իմաստով։ Դրանցով սնվում են գրանտասունները, բայց ոչ մարդու իրավունքի պաշտպանության, ոչ պետականության, ոչ հայրենյաց համար․ պատեհապաշտ են ու պնակալեզ սովորական։

Եվ ուրեմն՝ ֆիկցիա է ու ներմուծված մի լայնամասշտաբ կրկես ողջ դաշտը այս քաղաքական՝ լիբերալ լինի, լոյալ կամ պահպանողական, սուտ հեղափոխական կամ աջակիցը չեղած հեղափոխության, ընդդիմադիր լինի ազատական կամ իբրև անկախ քարկոծողը կարծես իրական, սուտ են բոլորը՝ ամենն անխտիր, քանզի գնված են, «վերբովկա» եղած, սպասարկում դրսի, դրսի դավադիր։ Մեզ մի նորն է պետք, ուժը այն կայուն, որ բալանսավորված է դրսում ու ներսում, որ նենգադավ չէ, այլ պարզ է խոսում ու խոսում այնպես, ինչպես և գործում։

Վերլուծությունս, գուցե բավական էական դեպքեր բաց թողնված լինելու կամ տրամագծային անհավանության արժանանալու պարագայում շատերը չհավանեն՝ հաշվի առնելով Փաշինյանի՝ օգոստոսի 17-ի ու մնացյալ հանրահավաքային ու ոչ հրապարակային տապալումները, բայց քննադատելուց առաջ խնդրում եմ այլընտրանք առաջարկել՝ այլընտրանք, որ նման չի լինի ո՛չ պրոյեկտի, ո՛չ նենգադավ սցենարի մի այլ, այլ կլինի մերը, անկախն ու ազգայինը։

Իմ այլընտրանքն է Քոչարյանը։

Երկու խոսքով էլ հերքեմ «հեղափոխություն» եզրույթը։ Ֆունդամենտալ ու արժեհամակարգային, օրենսդրական ու գաղափարական սուբստանտ փոփոխություններ․ ահա թե ինչ է հեղափոխությունը։ Ինչնե՞րդ է փոխվել, չգիտե՞ք։ Հա՜, կոռուպցիայի դե՞մ է պայքար մղվում, տո իմ ծակգրպան ազգակիցներ, կոռուպցիայի դեմ պայքար որ լիներ, ո՛չ կլիներ պրոպոգանդիստ խելամտությունից զուրկ Հալաջյան Քրիստինեն, ո՛չ վերարտադրված Արեյան Կամոն կամ Հունանը Պողոսյան։ Կոռուպցիայի դեմ որ պայքար լիներ, չէր լինի դեռ երեկ հուշագրով ապահովագրված Գագիկը Ծառուկյան կամ ռեյտինգային ընրակարգի «արքա» Սամվելն Ալեքսանյան։ Վեցամսյա ժամանակավոր կառավարության ծրագրային մեխերն էին «Կուսակցությունների մասին» ու «Ընտրական օրենսգիրք» նոր օրենքները, իսկ ո՞ւր են դրանք։ Առաջինը մոռացվեց հեշտորեն, իսկ երկրորդին «խոչընդոտեց» նույն ՀՀԿ-ն։ Հա՜, ՀՀԿ-ն, իսկ ո՞ւմ է այսօր կոնկրետ ձեռնտու ռեյտինգայինը, երբ շախմատիստ նախագահի ՀՀԿ-ն կարծես զուրկ է օլիգարխիայից, բռնել է ճամփան ինքնամաքրման (ինքնամաքրում, զզվելի է, չէ՞, հնչում), իհարկե, փաշինյանական իշխանությանը, որ վաղը հենց դուք, ովքեր «դը՜մփով, հու՜հ»-ով նրանց իշխանական աթոռ եք նվիրել, աթոռի փոխարեն խաչ չընծայեք ու հանեք խաչին, որն անկասելի իրականությունն է հենց այսօր արդեն։ Իսկ հոկտեմբերի 2-ի օրենքի ժխտո՞ւմը։ Դա պետք էր ո՞ւմ՝ ՀՀԿ-ի՞ն, մնացյալ խորհրդարանականների՞ն, որ, տենց մոլուցքով մոռացած Ազնավուրի հոգեհանգիստը, շտապեցիք Աժ՝ մերժելու ու «փրկելու» մեր Հայաստանը։ Դա պետք էր գալիք ԱԺ-ին, որ դավադիր ձեռամբ ինչ էլ որ անի, որևէ մի ուժ դա չկասեցնի։ Ահա և տեսեք փաշինյանական հակակոռուպցիոն ու օրենսդրական ռեֆորմների խորքերը հեռավոր ու կուլիսը մութ, որն ինձ համար դեռ ծածուկ է, խուլ։

Իրականում առկա է մի սցենար՝ վերարտադրում, երբ բոլորը հիասթափված ՔՊ-ից գլուխ կթեքեն, ո՞ւր պետք է նայեն՝ ՀՀԿ-ի՞ն, որ թեև վատ, բայց փաստացի կարողանում էր պահել ազգային անվտանգությունն ու մնալ չգաղտնալսված։ Փաստորեն, աջ գնաք, թե ձախ, շախմատիստին է, որ պիտի «ռաստ գաք», կերպարն է այլ, էությունը՝ նույնը` լինի դա թրաշամանուկ կառավարություն, թե Վատիկանից գործուղված դեսպան։ Հակակշի՞ռ եք ուզում, փնտրեք նրան, ով չունի կուսակցական հենք, ինչպես նաև շահ։

Այժմ մենք կանգնած ենք վարչապետի պաշտոնակատարին «ուժեղ մանդատ» տալու հարցի առջև։ Բնականաբար, լայն մասսաները, որքան էլ ականջալուր լինեն գրառմանս, ամեն դեպքում, ոմանք՝ հոգնած նախկինից, ոմանք՝ հավատով դեպի ներկան, ոմանք՝ ելնելով քաղաքական սիմպատիաներից, միևնույն է, կհակադրվեն ու սվիններով կընդունեն այն, ինչ այժմ գրում եմ, ամեն դեպքում, սիրելի՛ հայրենակիցներ, հայոց հարցում համախոհներ, հավատացե՛ք՝ մենք չունենք հայրենիք ո՛չ խեղկատակության վերածելու, ինչպես ասում էր առաջին նախագահը, ո՛չ էլ կրկեսի վերածելու, ինչպես ասում էր երրորդ նախագահը:

Չեմ անդրադառնա Փաշինյանին, քանզի նա, փոխարեն Սարգսյանի կամ այլ մեկի, մուկ լինի կամ, ուզում է, ձուկ, արել է արդեն այն, ինչի համար ինքն իրեն հազիվ թե ների, ո՜ւր մնաց՝ ներենք մենք կամ սերունդները մեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել