ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջ․ Բոլթոնի՝ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցի այն հատվածը, որտեղ նա ընդգծում է, թե Հայաստանի՝ «Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի», կողմնակի ցուցիչ է առ այն, որ բանակցությունների ընթացքում պաշտոնական Երևանը ոչ միայն ընդունելի չի համարել ամերիկյան կողմի դիրքորոշումներն Իրանի հետ կապված խնդիրներում, այլ նաև ընդգծել է հայ-իրանական սահմանի կարևորությունը, ինչը լուրջ քայլ է նաև իրանական կողմի ընկալումներում մեր երկրի՝ վստահելի գործընկերոջ չափազանց թանկ արժեցող վարկը պահպանելու առումով։

Նույնը միանշանակորեն չի կարելի պնդել Ադրբեջանի դեպքում, որտեղ անցկացրած բանակցություններից հետո, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ջ․ Բոլթոնը դրանք գնահատել է «արդյունավետ» հստակ եզրույթով՝ հատուկ մատնանշելով, որ Ի․ Ալիևի հետ հանդիպման ժամանակ վարվել են «ինտենսիվ բանակցություններ, այդ թվում՝ Իրանի խնդրով», որոնց ընթացքում քննարկվել են «Իրանին զսպելու քայլեր»։

Նման հայտարարություններից գրեթե միանաշնակորեն կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ին հաջողվել է ստանալ Բաքվի վարչակարգի գրեթե լիակատար աջակցությունն Իրանի դեմ ձեռնարկվելիք գործողությունների համատեքստում, ինչից առաջին հերթին պետք է հետևությունների հանգեն հենց Թեհրանում, հատկապես նախագահ Հ․ Ռուհանիի քաղաքական թիմի այն թևում, որտեղ, ցավոք, հերթական անգամ պատրանքներ կային Ադրբեջանի հետ հարաբերություններ զարգացնելու վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել