Ունենալով հնագույն և կայուն ավանդույթներ՝ իրանական պետական համակարգն աշխատում է այն կազմող տարբեր օղակների չափազանց հետաքրքիր ներդաշնակմամբ։

Մեզանում կարծես թե բոլորովին ուշադրության չարժանացավ դեռևս այս տարվա սեպտեմբերի առաջին տասնօրյակում Թեհրանում կայացած «Հնարավորություններ Եվրասիական տարածքում» խորագրով Իրանի մասնավոր և պետական գործարար շրջանակների լայն ներկայացվածությամբ կայացած համաժողովը, որի ընթացքում հենց իրանական կողմից հնչեցվել էր նաև ուշագրավ տեսակետ առ այն, որ Իրանի համար Հայաստանը մուտքի դարպաս է դեպի Եվրասիական տնտեսական միություն, և իրանցի գործարարները պետք է օգտվեն այդ հնարավորությունից։

Միևնույն ժամանակ կրկին իրանական կողմից ընդգծվել էր նաև Թեհրանի համար կարևորագույն հաղորդակցության ուղի հանդիսացող Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ գործնական քայլերի անհրաժեշտությունը, որը, ի հակադրություն մեզանում առկա «վատատեսության», Հյուսիս-Հարավ ավտոմայրուղուն զուգահեռ, ըստ իրանցիների՝ պետք է ներառի նաև Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը։

Համաժողովից մոտ երկու շաբաթ անց ՄԱԿ-ում տեղի ունեցած Ն․ Փաշինյան-Հ․ Ռուհանի հանդիպման ժամանակ Իրանի նախագահն իր երկրի համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շրջանակում հստակորեն ընդգծել էր նաև երկկողմ հարաբերություններում վերոնշյալ երկու ուղղությունները՝ մատնաշելով, որ Թեհրանը կքաջալերի իրանական մասնավոր բիզնեսը Հայաստանում ներկայություն ունենալու նպատակով, իսկ Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքը բնորոշել էր «արտակարգ կարևորության»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել