Սեպտեմբերի 17-ի գիշերը Սիրիայում ռուսական հետախուզական ինքնաթիռի խոցման միջադեպից, դրա հետևանքով տեղ գտած ռուս-իսրայելական լարվածությունից, «զեկույցային մրցակցությունից» և հատկապես Մոսկվայի կողմից Սիրիային С-300 ՀՕՊ համակարգեր տրամադրելու վերաբերյալ որոշման հրապարակումից հետո իսրայելական մեդիահարթակում իսկական հակառուսական «հիստերիա» է սկսվել: 

Այս իրավիճակն ավելի է սրվել հատկապես սեպտեմբերի 24-ին կայացած Նեթանյահու-Պուտին հեռախոսազրույցից հետո, երբ ՌԴ նախագահին վերոնշյալ որոշումից հրաժարվելու հարցում Իսրայելի վարչապետի գործադրած բոլոր ջանքերն իզուր են անցել: Պուտինը ոչ միայն իր կողմից ևս պնդել է ՌԴ ՊՆ-ի ներկայացրած զեկույցի իրավացիությունը, այլև հերթական անգամ նախազգուշացրել Սիրիայի օդային տարածքում այսուհետ կատարելապես նոր պաշտպանական ռեժիմի սահմանման մասին, որի նպատակն Արաբական Հանրապետությունում ծառայող ռուս զինծառայողների անվտանգության ապահովումն է արտաքին մարտահրավերներից: 

Վերոնշյալի համատեքստում ռուս-իսրայելական «հրթիռային ճգնաժամի» պայմաններում Թել Ավիվն առավելապես անհանգստանում է Սիրիայում Իրանի հնարավոր ակտիվացումից, որը, բնականաբար, կանխատեսելի է հատկապես Իսլամական հանրապետության Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, քանի որ կասկածից վեր է՝ նշված բռնարարքն արտաքին դավադրություն է, որը համարվում է հակաիրանական արտաքին արշավի գործողությունների շղթայի օղակներից մեկը... Իսկ Թեհրանում շատ լավ գիտեն դրա մասնակիցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել