Կարծում եմ, իրոք ճիշտ կլինի, որ Երևանի Փոքր Կենտրոնում ուղղակի արգելվի նոր բարձրահարկերի անկանոն շինարարությունը, որի թույտվությունները շռայլորեն տրվել էին նախորդ իշխանությունների օրոք և որոնց շնորհիվ քաղաքի կենտրոնական մասը այսօր բառացիորեն շնչահեղձ է լինում, նաև՝ ծայրաստիճան վտանգավոր է դարձել սեյսմիկ անվտանգության առումով: Ուրախալի է, որ Երևանի ապագա քաղաքապետերի ծրագրերում հիմնականում նշվում է հենց այդ կետը՝ նմանատիպի կառուցապատման արգելք սահմանելու վերաբերյալ:

Բոլորս էլ հրաշալի տեղյակ ենք, թե ինչպես էին նախկինում տրվում նմանատիպի շենքերի կառուցման թույլտվությունները՝ հին պատմական կառույցները ոչնչացնելու գնով: Հիմա այդ ամենը իրոք պետք է կանգնեցվի՝ մինչև Փոքր Կենտրոնի կառուցապատման լրիվ նոր հայեցակարգ ընդունելը: Տեսեք, երբ երեկոյան ժամերին նայում ենք այդ ահռելի, այսպես կոչված «էլիտար» բարձրահարկերին՝ նրանք համարյա բոլորն էլ հիմնականում անմարդաբնակ են, որովհետև ոչ ոք կամովին չի համաձայնվի բնակվել այդ անապատացված, մարդու առողջության համար վտանգ ներկայացնող տարածքներում:

Հետաքրքիր միտք էր նաև Երևանին վերաբերող որևէ հանրային հարցի առնչությամբ ապագայում տեղային հանրաքվեների անցկացումը՝ դա ընդունված կանոնակարգ է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Ճիշտ կլիներ նաև, որ նմանատիպի լայնամասշտաբ և մեծածավալ շինարարությունները ուղղված լինեին ոչ միայն Երևանի կենտրոնից դուրս, այլև Երևանից դուրս ընդհանրապես՝ եկել է այն ժամանակը, որ այսուհետ զարգացում ապրեն Հայաստանի այլ քաղաքները ևս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել