Համ ասում է` քիչ են չվերթներն, ու դրա համար մրցակցությունը ցածր մակարդակի վրա է, ուստի տոմսերը թանկ են, հետո խոսում է օդանավակայանը մեծացնելու մասին, որ հնարավոր լինի չվերթներն ավելացնել ու մրցակցությունը մեծացնել։ Տոմսերի էժանության մասով էլ մեր քաղավիացիայի վարչության պետը համեմատում է Վրաստանի հետ, թե բա՝ նրանք լավ մարքեթինգ են անում։

Հակասությունների մի բույլ։ Նախ՝ Երևանի օդանավակայանը Թբիլիսիի օդանավակայանից երևի երկու անգամ մեծ է ու տարեկան սպասարկում է գրեթե նույն թվով ուղևորի, այսինքն՝ այն լցվելու, ոչ թե մեծանալու կարիք ունի։ Օդանավակայանն ուղևորահոսքի դեֆիցիտ ունի դեռևս, ոչ թե տարածքի։ Ուստի հարց է առաջանում՝ ինչո՞ւ նույն քանակություն սպասարկող օդանավակայանում տոմսերի գներն ավելի թանկ են, քան Թբիլիսիում։ Ի՞նչ մեծացնելու մասին է խոսքը, եթե գործող օդանավակայանն իր ողջ հզորության երևի կեսի չափ է աշխատում դեռևս։

Կարող եք ոչ դասագրքային ձևերով, այլ նորմալ ասել՝ ինչո՞ւ են Երևանից տոմսերի գները բարձր, առանց կռուտիտների։ Մի պահ ասում էին՝ կերոսինի շուկայի մոնոպոլացված լինելու մասին, հիմա ասում են՝ օդանավակայանն է փոքր։ Այսինքն՝ լիքը ավիաընկերություններ հերթ են կանգնել, բայց տարածք ու պալասա չունենք, որ մտնեն ու թռչեն։ Դուք մի բան արեք, հարգելի քաղավիացիայի պետ, որ ռուսական ավիաընկերությունները մեր բաց երկնքում գին ու քաղաքականություն չթելադրեն պարբերաբար դեմպինգներ անելու միջոցով։ Հա, ու վերջապես կերոսինի շուկան ստուգեք ՏՄՊՊՀ-ի ձեր գործընկերների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել