Իսրայելի լուսավորության նախարարությունը 1,5 տարվա ակտիվ քննարկումներից հետո ուշագրավ փոփոխություններ է նախաձեռնել տարրական և միջին դպրոցներում, համաձայն որոնց՝ առաջարկվում է դպրոցականներին(մինչև 6-րդ դասարանը ներառյալ) ազատել տնային առաջադրանքներից, փոխարենը՝ նրանց տրամադրել ընթերցանության և մի շարք այլ արդիական զբաղմունքների:

Վերոնշյալի առնչությամբ Իսրայելի կրթության ոլորտի մասնագետների հիմնավորումներում նշվում է, որ չափից ավելի ծանրաբեռնվածությունը միայն նվազեցնում է երեխաների ձգտումն ուսման նկատմամբ և հանգեցնում հավելյալ լարվածության: Բացի այդ, տնային առաջադրանքները հաճախ կոնֆլիկտային իրավիճակ են առաջացնում ծնողների և երեխաների միջև: Մասնագետների մյուս կարևոր հիմնավորումը վերաբերում է մանկավարժների անբարեխիղճ գործունեությանը, որոնք իրենց կողմից չմատուցված նյութը հաճախ հանձնարարում են աշակերտներին՝ տնային հանձնարարությունների տեսքով:

Որպես այլընտրանք՝ մասնագետներն առաջարկում են աշակերտներն հանձնարարել տնային ընթերցանություն՝ օրական առնվազն 10 րոպե կտրվածքով, տարաբնույթ տրամաբանական, լեզվական, նաև համակարգչային խաղեր, բջջային հեռախոսներով պարտադիր լուսանկարման առաջադրանքներ՝ համապատասխան խորագրերով և այլն: 
Իսկ այն ուսուցիչներից, ովքեր, այնուամենայնիվ, անհրաժեշտություն են համարում տնային հանձնարարությունները, պահանջվում է, որպեսզի դրանց ծավալը չգերազանցի 30 րոպե ժամանակահատվածը:

Անգամ միայն մակերեսորեն ծանոթանալով առաջարկվող փոփոխություններին՝ կարելի հանգել այն համոզմունքին, որ դրանք, իրոք, բավական արդյունավետ կարող են լինել՝արդի աշխարհին համապատասխան հատկանիշներ և ունակություններ ունեցող սերունդներ դաստիարակելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել