Aravot.am-ը գրում է.

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցը, որի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել, արդեն ունի նոր տնօրեն: Հիշեցնենք, որ այս դպրոցի տնօրենն էր Ռուզաննա Ազիզյանը, որի դեմ քրգործ է հարուցվել: Ռուզաննա Ազիզյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին էր եւ հաճախ էր հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում:

Թիվ 11 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար 12 թեկնածու է դիմել: 6 կողմ, 2 դեմ ձայնով ընտրվել է Գայանե Միրզոյանը: Մինչ այդ տիկին Միրզոյանն աշխատել է թիվ 181 հիմնական դպրոցում, հայոց լեզվի ուսուցչուհի է:

Մենք ուսումնասիրեցինք Գայանե Միրզոյանի ֆեյսբուքյան էջը՝ հասկանալու համար, թե ինչպիսի գրառումներ է անում նա, ինչպիսի տեղեկատվությամբ է կիսվում իր էջում եւ ինչ տպավորություն է թողնում: Նա իր էջում արդեն իսկ սկսել է շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ստանալ՝ պաշտոնի կապակցությամբ:

      

Նկատեցինք, որ տիկին Միրզոյանը շատ հազվադեպ է գրառումներ արել վերջին մի քանի տարիների ընթացքում, ինչ գրանցվել է սոցցանցում, իսկ կիսվել է մեկ-երկու հրապարակումներով՝ հիմնականում հայրենասիրական թեմաներով:

Ուշագրավ է, որ նոր տնօրենը, լինելով հայոց լեզվի ուսուցչուհի, լատինատառ գրառում է անում, ավելին՝ նրա աշակերտները ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորում են իրենց սիրելի ուսուցչուհուն դարձյալ լատինատառ հայերենով ու ուղղագրական սխալներով, իսկ ուսուցչուհին «tont shnorhavor @nker mirzoyan» գրող աշակերտին չի ասում, որ մեսրոպյան տառեր գոյություն ունեն, հայերենը «դ» հոդ ունի՝ տոնդ, եւ վերջապես Միրզոյանը գրվում է մեծատառով: «Shnorhavorhanqners» գրող օգտատիրոջը տիկին Միրզոյանն ի պատասխան ջերմորեն շնորհակալություն է հայտնում, մինչդեռ սպասվում էր, որ հայոց լեզվի ուսուցչուհու պատասխանը պետք է լինի՝  «շնորհավորանք»՝ առանց հ-ի, գրեք հայատառ: Տիկին Միրզոյանը շնորհակալություն է հայտնում նաեւ «shnorhavor cnundt @nker Mirzoyan jaaaaan» գրող սանին:

Եվ վերջապես տեղեկատվություն, որ կարող ենք ստանալ տնօրենի պաշտոնում ընտրված տիկին Միրզոյանի ֆեյսբուքյան էջից, այն է, որ «Гаяне Мирзоян beat a person on Farm Heroes Saga» կամ «completed a level in Farm Heroes Saga», այսինքն, տեղեկատվություն, որը ցույց է տալիս, թե տիկին Միրզոյանն ինչ հաջողություններ է գրանցում համակարգչային այդ խաղը խաղալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել