Մերձավոր Արևելքի բազմամիլիոն քրիստոնյաների ընկալումներում Հայաստանը տարածաշրջանի միակ քրիստոնեական պետությունն է՝ յուրօրինակ փարոս, որն իր գոյությամբ ապացուցում է, թե Արևելքի հին քրիստոնյաները ոչ միայն կարող են հաջողված պետականություն կերտել, այլև այն հաղթականորեն դուրս բերել պարտադրված պատերազմից՝ հընթացս զգալիորեն ընդլայնելով աշխարհագրական սահմանները։

Հռոմի սրբազան քահանայապետերի բնորոշմամբ՝ Հայաստանը համաքրիստոնեական ուխտատեղի է՝ առաջին քրիստոնյա պետությունը, իսկ նույն Մերձավոր Արևելքի մահմեդականների համար «հայ» և «քրիստոնյա» նշանակյալները հաճախ ուղղակիորեն նույնական են

Ամեն իրեն հարգող և հեռահար ծրագրերով ապրող ազգ ունենալով նման հուժկու ելքային դիրքեր ոչ միայն կհզորացներ մեր առաքելական քրիստոնեության դիրքերը, այլ նաև այն կդարձներ լրջագույն մշակութային և քաղաքական լծակ իր վարկն ու ազդեցությունը Մերձավոր Արևելքում և մնացյալ աշխարհում անհամեմատ ավելացնելու, ինչպես նաև ի դեմս քրիստոնեական տարբեր համայնքների և կառույցների «անսպասելի» դաշնակիցներ ձեռք բերելու գործում։

Մինչդեռ մենք, ըստ իս, ոչ միայն անտեսում և չենք օգտագործում այդ չափազանց կարևոր լծակը, այլ նաև մսխում ու փոշիացնում ենք պետականություն կերտած քրիստոնյա ազգ լինելու մեր հսկայական կապիտալը՝ թող ներվի ասել, գավառական գզվռտոցներով և տեղից ամեն ելնողի կողմից պատեհ-անպատեհ դեպի քրիստոնեություն նետվող ապառաժ քարերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել