Aravot.am-ը գրում է.

Ըստ Դավիթ Բաբայանի՝ ապրիլյան պատերազմը հակառակորդը սկսեց
նաեւ այդ պատճառով, սոցցանցերից սխալ տպավորություն էին ստացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսում ասաց. «Բոլորս էլ հասկանում ենք, որ ՌԴ-ն, որպես գերտերություն, ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում, եւ ես չեմ կարող հավատալ, որ ՀՀ ռազմավարական գործընկեր եւ բարեկամ Ռուսաստանը իր լծակները չի օգտագործի՝ տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար: Ես համոզված եմ եւ կարծում եմ՝ բոլորս գիտենք, որ ՌԴ-ն կարող է թույլ չտալ պատերազմը, եւ հետեւաբար ես չեմ կարող հավատալ, որ ՌԴ-ն թույլ կտա պատերազմը եւ չի օգտագործի իր լծակները՝ Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց. «ՌԴ ռազմաբազայի սիմվոլիկ ներկայությունը թույլ է տալիս մեզ չեղարկել Թուրքիայից եկող վտանգը, բայց դա չի նշանակում, թե պիտի ճորտ լինենք: Հասկացեք երբեմն, մենք այնքան մեծ դերակատարություն ունենք տարածաշրջանում՝ հավասարակշռությունը պահպանելու, որ դա փաստ է, բայց անտեսել ՌԴ-ի դերը՝ զգացմունքային բղավելով, որ հայրենասեր է ինչ-որ մեկը, դրանով չի մենակ: Խելքով պետք է մտածենք: Էս ժողովուրդը պետք է մտածի դուխով, խելքով ու հավատով, եթե չլինի դա՝ իրավիճակը կարող է ապակայունանալ: Թուրքիան, որը մտնում եւ գրավում է Սիրիայում քաղաքներ, Իրաքում, տեսեք՝ ինչեր են կատարվում: Ինչ է, բացառվո՞ւմ է…մոռացե՞լ եք 1918 թիվը, 1920-ը, 1921-ը, պետք է բոլորը հաշվարկել: Մենք ունենք մի ունիկալ հնարավորություն, որն ուրիշ երկրներ չունեն այս նույն վիճակում, մենք կարողացել ենք բարեբախտաբար հավասարակշռվածությունը պահպանել եւ չվերածվել պլացդարմի, այն երկրները, ովքեր կտրուկ փոփոխություններ են կատարել, հավասարակշիռ աշխարհաքաղաքականություն չեն վարում, շատ ծանր վիճակում են հայտնվում: Իսկ մենք ունենք այդ հնարավորությունը, մենք մեր ռուս, ամերիկացի գործընկերներին ասում ենք՝ մենք ունենք հայոց Սփյուռք, ավելի շատ հայ ապրում է Սփյուռքում, քան մեր հայրենիքում, հիմա մենք պարտավոր ենք ունենալ լավ հարաբերություններ այն երկրների հետ, որտեղ ունենք մեծ հայկական Սփյուռք, պարզապես պարտավոր ենք: Ռուսաստան՝ 3 մլն, ԱՄՆ՝ 2-2,5 մլն, Ֆրանսիա, Իրան: Այո՛, այդ երկրները երբեմն ունեն խորը անհամաձայնություն իրար հետ, բայց մենք ունենք Սփյուռք եւ զարգացնելով մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ դա ԱՄՆ-ի դեմ չէ, եւ զարգացնելով հարաբերությունները ԱՄՆ-ի հետ՝ դա ՌԴ-ի դեմ չէ, դա մեր Սփյուռքի համար է: Այ սա ամենալավ հնարավորությունն է՝ այդ հավասարակշռվածությունը պահպանելու համար: Եթե չպահպանվի, մեզ սպասում է շատ ծանր իրավիճակ, սա՝ միանշանակ»:

Մեր հարցին՝ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի անունը չտվեց, Ֆրանսիայի անունը չտվեց, ինչո՞ւ հենց ՌԴ-ի հետ է կապում Ալիեւի սադրանքը, պատերազմը վերսկսելու թույլտվությունը՝ Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Չէ, ես չէի ասի՝ դա թույլտվություն է: Դա ճիշտ չի: Ինքը որ ասում է՝ ՌԴ-ն թույլ չի տա, ոչ թե անդորրագիր է ստորագրելու եւ ասի՝ չէ, պարզապես հաշվի առնելով բազմաթիվ գործոններ՝ ՌԴ-ն ունի պրակտիկ մեծ ազդեցություն տարածաշրջանում: Նույնն էլ ԱՄՆ-ը՝ Թուրքիայի միջոցով, Վրաստանի եւ այլն: Սա համապարփակ մոտեցում է: Բայց պիտի հաշվի առնենք, որ մենք ՌԴ-ի հետ ռազմական դաշնակիցներ ենք: Պետք է նաեւ հաշվի առնել, որ վեկտորի ցանկացած փոփոխություն կարող է ճակատագրական լինել հայոց պետականության համար»:

Հարցին՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ Փաշինյանն էլ վստահ է, որ առանց ՌԴ-ի թույլտվության ապրիլյան պատերազմն էլ չէր կարող լինել, եթե նա հայտարարում է, որ ՌԴ-ն կարող է թույլ չտալ, որ Ադրբեջանը պատերազմը վերսկսի, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Չէ, այստեղ ՌԴ-ի թույլտվություն, բան չկա: Պետք է հասկանանք, թե ում հետ մենք գործ ունենք: Մենք գործ ունենք ահաբեկչական երկրի հետ՝ ի դեմս Ադրբեջանի: Եվ եթե կա փոքր-ինչ հնարավորություն, նա տեսնում է, որ երկպառակված ենք, թույլ ենք…ինչի՞ ապրիլը սկսվեց, որովհետեւ նա 1994-ից պատրաստվում է բլից-կրիգի: Դե, երկարատեւ պատերազմի Ադրբեջանն ի վիճակի չի, բարդ է շատ, ո՛չ ժողովրդագրական առումով է պատրաստ, ո՛չ քաղաքական: Բլից-կրիգը լավագույն տարբերակն է, նրանք մտածում էին, որ 22 տարվա ընթացքում շատ բան է փոխվել, սերունդ է փոխվել, այն հին սերունդը, որ հայրենասերներ էին, այլեւս չկա: Այդպես էին մտածում՝ ֆեյսբուքյան սոցիալական ցանցերի սերունդներ են, որ ներկում են իրենց մազերը տարբեր գույներով, ականջօղ են գցում եւ այլն, այսպիսի սերունդը, իրենց պատկերացմամբ, ի վիճակի չի լինի դիմակայել ադրբեջանական գրոհին: Սխալվեցին չարաչար: Մենք ցույց տվեցինք, որ այս նոր սերունդը ոչ պակաս հայրենասեր է, եթե համախմբված է, եթե կոտրված չէ ներսում, եթե հոգեպես խառնված չէ: Հակառակորդը հասկանում է, որ մենք նյութական առումով տկար ենք, չենք կարող այդ հավասարակշռվածությունը պահպանել նյութականով, բայց մենք կարող ենք ավելի ուժեղ լինել, որովհետեւ մեր հոգին է ավելի ուժեղ: Դրա համար ամեն ինչ անում են, որ մեր հոգին խառնվի»:

Հարցին՝ մեր նոր սերունդը այդպիսի տպավորությո՞ւն է թողնում, որ մազերը ներկող ու ականջօղ կախո՞ղ է, նա պատասխանեց. «Իրե՛նք են այդպես մտածել, դրա համար մտածել են, որ նոր սերունդը զինատյաց է, չի ուզում կռվել, ուզում է ականջօղ գցել: Դա է եղել իրենց սխալը: Մտածել են, որ քննադատում են իշխանություններին, անհամախմբված են, ուրեմն պահն է, պետք է օգտագործել: Իրենք ծրագրավորում էին գրավել Ստեփանակերտը, մյուս վայրերը, բայց ձախողվեց: Ոչ թե այստեղ եղել է ինչ-որ երկրի թույլտվությունը, եթե չլիներ Արցախը, ի՞նչ պիտի անեին»:
Դավիթ Բաբայանն ասաց, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը նոր ոգեւորություն է առաջացրել Ադրբեջանի ընդդիմադիրների շրջանում, որ հնարավորություն կա ինչ-որ բան փոխելու. «Ադրբեջանում իրոք բռնապետություն է: Այն, ինչ տեղի ունեցավ Գյանջայում, եթե մենք ադրբեջանցիների հոգեբանությունը նայենք, իրենց համար իշխանավորը, հատկապես ուժային մարմինների, կիսաաստվածի կարգավիճակում է, եւ եթե նրանք բոլորի առջեւ սպանում են երկու գնդապետի, իրոք արդեն նոր իրավիճակ է ստեղծվել, եւ արդեն նոր որակ է հաղորդվել այդ անհանդուրժողականությանը՝ ալիեւյան ռեժիմի նկատմամբ: Դրա համար իրենք, ճիշտ է, ճնշում են, ջարդում են, սպանում են, բայց նաեւ փորձում են շեղել ուշադրությունը եւ ասել՝ գիտեք, մենք ունենք ավելի լուրջ խնդիրներ»:

Ըստ Դավիթ Բաբայանի՝ սա է պատճառը, որ հեղափոխությունից հետո ռազմաքաղաքական լարվածությունը մեծացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել