1. Ինչպես և սպասվում էր, «#Ռուսաստան2018-ը» ևս ապահովեց իսկական ֆուտբոլային տոն ամբողջ աշխարհում այս մարզաձևի սիրահարների համար՝ բազմաթիվ հետաքրքիր ու լարված հանդիպումներով, գեղեցիկ գոլերով, հիշարժան խաղերով և, իհարկե, նոր բացահայտումներով:

2. Հատկապես դիտարժան և անկանխատեսելի էին տարբեր աշխարհամասեր ներկայացնող ազգային ընտրանիների դիմակայությունները հիմնականում միմյանց հետ խաղային փորձի պակասի, համեմատաբար տարբերվող խաղաոճերի պատճառով:

3. Հերթական անգամ վերահաստատվեց 2002թ.-ից նկատվող՝ գործող չեմպիոնի ձախողման միտումը, որի պատճառներն առավելապես պետք է փնտրել հոգեբանական հարթությունում:

4. Ընթացիկ աշխարհի առաջնության ընթացքում ևս վերահաստատվեց ֆուտբոլի պատմության նորագույն շրջանում գերակա դարձած՝ «համակարգային ֆուտբոլի» միտումը, համաձայն որի՝ հաղթում են թմային հենքի, այլ ոչ ընդգծված առաջնորդի (առաջնորդների) վրա հիմնված հավաքականները:

5. Եվրոպական ընտրանիների ցուցաբերած լրջագույն հաջողությունները նոր նշաձողի հասցրին հատկապես վերջին 12 տարիների ընթացքում մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով եվրոպական ֆուտբոլի գրանցած անգերազանցելի առաջընթացը՝ վերահաստատելով Հին աշխարհամասի առաջատար դիրքն այս սպորտաձևում:

6. Առաջնության եզրափակիչ հատված հասած 4 հավաքականների մասով, վստահաբար, չկա որևէ անակնկալ. հիրավի, դրանք այս պահի դրությամբ հզորագույններն են աշխարհում՝ ապացուցված նաև առաջնության ընթացքում ցուցաբերած խաղով:

7. Դե իսկ աշխարհի նոր չեմպիոն կդառնա այն հավաքականը, որն իր հնարավորությունից և ներուժից բացի՝ հակառակորդին կգերազանցի նաև հաջողության գործոնով:

Հ.Գ. 1990թ.-ից ֆուտբոլի բոլոր առաջնություններում Ֆրանսիայի հավաքականի երկրպագու եմ, Խորվաթիայի ազգային ընտրանու համակիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել