Aravot.am-ը գրում է.

Բավական խրթին էր պատկերացնելը, որ լրատվամիջոցները կհայտնվեն նման բարդ իրավիճակում մի կառավարության օրոք, որը ղեկավարում է նախկին լրագրող, եւ որի կազմում այդքան շատ են մամուլին այս կամ այն կերպ ուղղակի առնչություն ունեցած անձինք:

Եվ բարդ իրավիճակ ասելով՝ տվյալ դեպքում նկատի չունենք նոր կառավարության կողմնակիցների խիստ ագրեսիվ հակազդեցությունը ցանկացած քննադատական խոսքի: Ու դեռ փառք է, եթե գործն ավարտվում է միայն վիրավորական ու հայհոյալից մեկնաբանությունների հեղեղով; Նոր իշխանության աջակիցները նաեւ փորձում են քննադատական հրապարակումներ զետեղող լրատվամիջոցներին ուղղակի շոշափելի վնաս տալ՝ էջերի վարկանիշն իջեցնելով, սոցիալական ցանցերում ներկայացվածությունն արգելափակել փորձելով եւ այլն:

Սա նշում ենք ոչ որպես բողոք՝ իշխանավորների ուշադրությունը գրավելու իրենց աջակիցների՝ ընդդեմ մամուլի այս գործողությունների նկատմամբ: Փորձը ցույց է տալիս, որ վերջիններս ունկնդիր չեն լինում անգամ նման կոչերին՝ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք կվկայեին, որ ատելության էջը Հայաստանում իրոք փակված է, եւ պետք է թողնել, որ մամուլն աշխատի:

Իրավիճակն առավել բարդացնում են ԶԼՄ-ների դերը կամա թե ակամա նսեմացնելուն ուղղված նոր իշխանությունների քայլերը: Կասեք՝ չափազանցնում ենք, ու նման քայլեր չկա՞ն, եւ ինչպես մեզ վստահեցնում են՝ Հայաստանում մամուլը երբեք չի եղել այնքան ազատ, որքան այժմ:

Շատ լավ, այդ դեպքում ի՞նչ բացատրություն ունի ասենք այն, որ լրատվամիջոցները ակամա հայտնվեցին սոցիալական ցանցերից պատճենողների դերում: Իշխանավորներ կան, որոնց մամուլի ծառայությունները իզուր վատնում են հարկատուների փողերը՝ արդեն 50 օր է, նրանք որեւէ մամուլի հաղորդագրություն իսկ չեն ուղարկել: Փոխարենը նրանց ղեկավարներն են Ֆեյսբուքում գրառումներ կատարում՝ այդ միջոցով ներկայացնելով կատարված աշխատանքը: Եվ եթե ԶԼՄ-ն ուզում է հավասարակշիռ լուսաբանում ապահովել՝ անդրադառնալով իշխանության բոլոր օղակների գործունեությունը, ստիպված տեղ է գրավում այն ԶԼՄ-ների շարքում, որոնք իրենց լրահոսն ապահովում են սոցիալական ցանցերից «copy-paste» անելով:

Միջանկյալ նկատենք, որ բնականաբար՝ չենք թերագնահատում սոցիալական ցանցերի նշանակությունը. այն լսարանի հետ շփվելու, կապը պահպանելու շատ կարեւոր գործիք է: Սակայն վստահ ենք, որ այն պետք է գործադրվի զուգահեռ, ու չպետք է փոխարինի նաեւ մամուլի միջոցով աշխատանքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել