Հայրենական պատերազմի հերոս, Սոնյա տատիկիս եղբայր Արտյոմ Պետրոսյանի մասին եմ ուզում պատմել: 
Ուկրաինայում գործող պարտիզանական ջոկատներից մեկում էր մարտնչում խորհրդա-ֆիննական պատերազմի մասնակից Արտյոմ Մեսրոպի Պետրոսյանը, որը 1941 թ. սեպտեմբերից մինչեւ 1943 թ. սեպտեմբերը եղել է գերության մեջ: Ճամբարում մշտապես սաբոտաժ էր անում եւ քարոզում փախչել Կարմիր բանակ: Մի քանի անհաջող փորձերից հետո նրան հաջողվում է փախչել եւ միանալ Անդրեյ Գրաբչակի պարտիզանական միավորմանը, որտեղ մնում է մինչեւ 1944 թ. օգոստոսի 30-ը: Ինչպես նրա մարտական բնութագրի մեջ նշում է հրամանատարը, նա սեփական օրինակով էր սովորեցնում եւ բարձրացնում զինվորների հայրենասիրական ոգին: Նրա մշակած գործողությունների շնորհիվ թշնամուն հասցվել է զգալի վնաս: Պետրոսյանի հաշվին գրանցվել է պայթեցրած 1 էշելոն, 1500 մ երկաթգիծ, 41 ֆաշիստ, 3 ավտոմեքենա: Հատուկ առաջադրանքով Պետրոսյանը 4 անգամ անցել է ռազմաճակատի գիծը դիվերսիոն խմբի հետ: Խիզախության համար ներկայացվել է կառավարական պարգեւի: 1944 թ. հոկտեմբերի 16-ին պարտիզանական շարժման ուկրաինական շտաբը 17 հոգուց կազմված առաջին դեսանտային խումբը՝ կրտսեր լեյտենանտ Արտյոմ Պետրոսյանի ղեկավարությամբ, ուղարկեց Չեխոսլովակիա: Այնտեղ նա կազմակերպեց 500 հոգուց բաղկացած ջոկատ, որը հետագայում դարձավ Յան Կոզինի անվան պարտիզանական միավորման հիմքը: Լինելով հրամանատարի տեղակալը դիվերսիայի գծով՝ նրա կազմակերպած խելացի եւ խիզախ գործողությունների շնորհիվ թշնամուն հասցվում էին զգալի հարվածներ: Ավարտելով հետախույզների հատուկ դպրոցը՝ նա տիրապետում էր լեզուների, դիվերսիաներ կազմակերպելու տարբեր միջոցների, գերազանց պարաշյուտիստ էր: Գեստապոյականները նրա գլխի համար խոստացել էին 1 մլն կրոն: Նրա սխրագործությունների մասին, որոնց թիվն անցնում էր 70-ից, գրել է նաեւ Չեխոսլովակիայի նախկին նախագահ Լյուդվիգ Սվոբոդան «Բուզուլուկից մինչեւ Պրագա» գրքում: Չեխ ժողովուրդն ի երախտագիտություն Պետրոսյանի հերոսության նրան պարգեւատրել է «Չեխական խաչ»-ով, «Չեխ պարտիզանի մեդալ»-ով, «Չեխոսլովակիայի ազատագրման համար» մեդալով: Շատ կարճ ապրեց 1921 թ. Լենինականում ծնված հայ քաջորդին: Պատերազմում ստացած վերքերից նա մահացավ 1949 թ. ծննդավայրում: Արտյոմ Պետրոսյանի հիշատակը հավերժացնելու համար նրա անունով փողոցներ եւ դպրոցներ անվանակոչվեցին Հայաստանում եւ Չեխոսլովակիայում: Ճանաչված ռեժիսոր Գ. Մելիք-Ավագյանը, ծանոթանալով նրա անցած մարտական ուղուն, նկարահանեց «Բարեւ, Արտյոմ» վավերագրական ֆիլմը, որը երկար տարիներ ցուցադրվում էր հայկական հեռուստատեսությամբ:
Ամեն տարի տատիկիս հետ միասին այցելում ենք Արտյոմ Պետրոսյանի անունը կրող Գյումրիի թիվ 10 դպրոց, ծաղիկներ դնում նրա կիսանդրիին` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին, իսկ երեկոյան տատիկս արդեն որերորդ անգամ մեզ պատմում և պատմում է իր անվախ հերոս եղբոր մասին, կրկին ցույց տալիս հին թերթերից խնամքով պահված հոդվածները, ցույց տալիս նկարները՝ նորից և նորից պատգամելով մեզ պահպանել այս փոքրիկ «հարստությունը»: Հպարտ եմ, որ իմ մեջ հոսում է հերոսական արյան մասնիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել