Ընդդիմադիր առաջնորդներն ու իշխանությունը թույլ տվեցին սխալներ, որոնք մեր երկրի համար կարող են թանկ արժենալ: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ընդառաջ գնար Սերժ Սարգսյանի մեկնած երկխոսության ձեռքին՝ այդ ճանապարհով առաջ տանելով ժողովրդի պահանջները՝ այդկերպ խուսափելով թակարդից: Թեև մյուս կողմից այս 10 օրվա իրադարձությունների մեջ մի մեծ ու կարևոր դրական կերպար եմ տեսնում՝ ժողովուրդը:

Ինձ համար չկան ուրիշ հաջողություններ՝ բացի նրանից, որ 2008-ից սկսված համազգային հուսալքությունը փոխարինվեց համազգային ոգևորությամբ: Մի կողմ թողնենք, թե ով է Նիկոլ Փաշինյանը, ընդունելի է, թե մերժելի: Անձամբ ես նրա մասին ունեմ իմ սեփական տեսակետները, բայց որ մեր հանրության քաղաքացիական գիտակցությունը բարձրացել է, փաստ է, ինչն ամենաուրախացնողն է: Մարդիկ անտարբեր ու կողքից չեն նայում իրենց պետությանը, թեպետ այդ ակտիվ հանրության մեջ, բնականաբար, մեծ թիվ են կազմում պատեհապաշտները, բայց նրանք միշտ են ու ամենուր: Խոսքս հանրային, ազգային մտածողության մասին է:

Ցավոք, հնարավոր չեղավ զերծ մնալ սադրանքներից: Այսօր իմ շատ գործընկերներ վնասվեցին բախումների հետևանքով. երկու կողմերում էլ շատ էին մարդիկ, որոնց թվում էր, թե Հայաստանն անօրինության դաշտում է, և իրենք կարող են անել այն, ինչ ուզում են: Եվ ցուցարարների, և ոստիկանության շարքերում տեսել եմ իրենց ամենակարող երևակայող շարքայինների: Մի դեպքում շրջակայքում ամեն ինչ ավերող, կանոններ խախտող մարդիկ, որոնք հաճույք են ստանում հակաօրինական, վնաս տվող գործողություններից, մյուս դեպքում՝ կողքովս մեծ արագությամբ սլացող շարքային ոստիկաններ, որոնք մեքենայի ապակին իջեցնում ու «արա, հլա գնա էն կողմ» են գոռում... Ստանալով ««արա»-ն դու ես, ուշքի արի» պատասխանը՝ մի պահ մոռանում են, որ իրենք նախատեսված են քաղաքացիների և օրենքի պաշտպանության համար, ոչ թե իրենց ամենակարող երևակայելու...

Ինչևէ, սրանք անկառավարելի իրավիճակներին հատուկ երևույթներ են: Հուսանք, որ իշխանությունը կհասկանա, թե ժողովրդական զանգվածներն ինչ ուժի են տիրապետում, և հաշվի կնստի դրա հետ, իսկ այդ ժողովրդական զանգվածներին առաջնորդող ուժերը կմտածեն առաջին հերթին պետական շահի տեսանկյունից՝ մի կողմ թողնելով անձնական ամբիցիաները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել