• Սոցիոհոգեբանական համապատասխան հետազոտություններից հետո Ալիս Իգլին և Անտոնիո Մլադինիչը ձևակերպեցին մտածողական մի սխալանք-կանխակալություն, որ կոչեցին ««Կանայք հիասքանչ են» էֆեկտ»։ Գիտնականների հետազոտության արդյունքները ցույց էին տալիս, որ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք հակված են առավել շատ դրական հատկանիշներ վերագրելու կանանց, քան տղամարդկանց։ Վերջիններիս համեմատ կանանց ավելի բարձր գնահատվելը գիտնականները հիպոթետիկ կերպով պայմանավորեցին կանանց մանկածնության և կերակրման ֆունկցիաներից բխող դրական ընկալումների հետ (տե՛ս օրինակ Alice H. Eagly; Antonio Mladinic; Stacey Otto, Are Women Evaluated More Favorably Than Men?: An Analysis of Attitudes, Beliefs, and Emotions, "Psychology of Women Quarterly, 15 (1991)", pp. 203-216)։
• Դժվար է չափել, թե հայաստանյան հասարակության մեջ որքանով է այս էֆեկտը տարածված, սակայն ակնհայտ է, որ մեզանում առկա է նույնական մեկ այլ կանխակալություն-սխալանք, որ պայմանականորեն կարող ենք կոչել ««Երիտասարդությունը հիասքանչ է» էֆեկտ»։ Առանց համապատասխան հետազոտության՝ կարող եմ վարկած առաջ քաշել, որ այս էֆեկտի ակունքը բխում է 20-րդ դարի գաղափարախոսական իրողություններից, երբ երիտասարդության դերը նույնպես պանծացվում էր, ինչը, սակայն, այն ժամանակներում ուներ լրիվ ուրիշ միտում․ երիտասարդները տոտալիտար ռեժիմների համար սոցիալական ինժեներիայի բաղկացուցիչ մաս էին, «սիստեմի» օրգանական շարունակականության սնուցիչը։ Հետագայում երիտասարդության պանծացման շահարկումը շարունակվեց արդեն սառըպատերազմյան իրականության պայմաններում։ Այս դեպքում էլ երիտասարդությունը դիտարկվում էր՝ որպես առավել խոցելի ու շարժունակ շերտ՝ «հեղափոխությունացու»։ Սա՝ խիստ ընդհանուր ու «սևագիր» ձևով։
• Իրականում ո՛չ «սպիտակ մազերը», ո՛չ «ծաղիկ հասակը», ո՛չ սեռը/գենդերը, ո՛չ հաշմանդամ լինել-չլինելը, ո՛չ ազգությունը, ո՛չ կռված լինել-չլինելը և առհասարակ ոչ մի այլ անհատական մարկեր չեն կարող լեգիտիմացնել մարդու խոսքն ու պահվածքը, եթե այն չի բխում ճշմարտությունից։ Իսկ ճշմարտության բացահայտման միակ գործիքը գիտությունն է ու գիտական ճանաչողությունը։ Մնացյալ ամեն ինչ «ժանգլյորություն» է ու խեղկատակություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել