Aravot.am-ը գրում է.

Ինչո՞վ է կարեւոր եւ արդիական «հետխորհրդայինի» թեման (մեթոդաբանական հարցեր)

Ներկայումս մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ առկա են հանրային-հասարակական բազմաթիվ խնդիրներ՝ աղքատություն, արտագաղթ, հակաօրինականություն, կոռուպցիա, տնտեսական եւ քաղաքական մենաշնորհներ, խնդիրներ ընտրական համակարգի, դատական համակարգի անկախության, իրավապահ մարմինների գործունեության հետ, հանրային վստահության պակաս, եւ այլն:

Որպես մարդ, որպես քաղաքացի, մեզ, բնականաբար, հուզում եւ մտահոգում են այդ խնդիրները:

Մտահոգում առաջին հերթին այն պատճառով, որ կյանքը այսպիսի միջավայրում խիստ անհարմարավետ է շարքային օրինապահ քաղաքացու համար: Մտահոգում, քանի որ պարկեշտ մարդու համար դժվար է կապել իր եւ իր երեխաների ապագան նման կենսամիջավայրի հետ: Վերջապես մտահոգում, որովհետեւ այդ խնդիրները էական խոչընդոտ են մեր պետության դինամիկ զարգացման, արդիականացման, ժամանակակից քաղաքակիրթ հասարակության կառուցման համար:

Միեւնույն ժամանակ՝ որպես մտավորական եւ հետազոտող, մենք փորձում ենք հասկանալ այդ խնդիրների որպիսիությունը, դրանց ծագումը, պատմական եւ գենետիկ կապը ու պայմանավորությունները, կարճ ասած՝ տալ այդ խնդիրների ախտորոշումը, որը հնարավոր կդարձնի դրանց արդյունավետ լուծումը:

Այս հարցերի շուրջ տեւական դիտարկումները, ուսումնասիրությունները տեսական եւ կիրառական մակարդակներում հանգեցրեցին մի հետեւության, որ այդ խնդիրները, կամ դրանց զգալի մասը իրենց բնույթով արժեքային եւ մշակութաբանական են (կամ՝ սոցիալ-մշակութային), պայմանավորված են հասարակության մեջ գոյություն ունեցող եւ կիրառվող հարաբերականորեն կայուն վարքաբանական մոդելներով եւ ըստ էության «ժառանգված են» մեր ոչ վաղ անցյալից՝ խորհրդային հասարակարգից:

Առաջարկելով խնդրո առարկայի վերաբերյալ որոշակի մոտեցումներ, չեմ բացառում այլ տեսակետների ու կարծիքների գոյություն: Ավելին, հրավիրում եմ այս թեմայով հանրային լայն քննարկման, որը պիտի լինի անաչառ, ռացիոնալ, զերծ հուզականությունից, տարբեր կաղապարներից, «կլիշեներից» ու դոգմատիկ դրույթներից:

Ինչո՞ւ է կարեւոր այս թեմայով հանրային դիսկուրսը

Նախ՝ վերը նշված պատճառներով. այն աներկբա իրողությամբ, որ բոլորս (մեր հասարակության գերակշիռ մասը) «ծնունդով» Խորհրդային Միությունից ենք, կրում ենք մեր մեջ այդ երկրի արժեքամշակութային տարրեր եւ «ինքնավերլուծության» կարիք ունենք:

Երկրորդ, հարկ է փաստել, որ նշված թեմայով հանրային դիսկուրսը մեր իրականության մեջ խիստ բեւեռացված է՝ բացարձակ «ընդունումից» մինչեւ բացարձակ մերժողականություն: Կա ավագ սերունդ (որոշ բացառություններով), որը, վկայակոչելով խորհրդային ժամանակաշրջանի (գիտություն, կրթություն, արդյունաբերություն, քաղաքաշինություն, գյուղատնտեսություն, արվեստ եւ այլն) նվաճումները, բնութագրում է այն բացարձակ դրական երանգով, եւ երիտասարդ սերունդ, որը ձեւավորվել է այլ արժեքային դաշտում, ունի իրավունքների, ազատությունների եւ ժողովրդավարական հարաբերությունների այլ ընկալում եւ կենսադիրքորոշում: Այս սերունդը, բնականաբար, միարժեքորեն մերժում է «խորհրդային ամեն ինչը»:

Այս բեւեռացումը ահագնանում է վերջին տասնամյակում մեր մերձավոր հարեւան երկրում՝ Ռուսաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացներով, որը հակիրճ կարելի է բնութագրել որպես նահանջ ժողովրդավարությունից դեպի ավտորիտար համակարգ, կամ «վերադարձ խորհրդային ժամանակներին»: Ահագնանում է այն պատճառով, որ մեր հասարակությունը իր թե քաղաքական-իշխանական, թե հանրային-հասարակական կապերով սերտորեն կապված է այդ երկրի հետ, լակմուսի պես զգում է եւ կրում է այնտեղ տեղի ունեցով գործընթացների ազդեցությունը:

Մինչդեռ, մեզ անհրաժեշտ է օբյեկտիվ դիսկուրս, վերլուծող ու «արմատը տեսանող», զերծ հուզականությունից ու կաղապարներից, միտված «ինքնաճանաչման» եւ մեր մեջ եղած խնդիրների բացահայտման:

Ահա՝ թե ինչու է անհրաժեշտ քննարկումը:

Մի վերապահում անեմ: Ներկայացված նյութում առկա պնդումները գիտական առումով եւ ակադեմիական մեթոդաբանության տեսանկյունից կարող են խոցելի թվալ, քանի որ օգտագործված չէ թեմատիկ գրականություն, չկան հղումներ կոնկրետ հեղինակներին կամ աշխատություններին: Դատողությունները եւ եզրահանգումները, որոնք ներկայացված են, վերցված չեն կոնկրետ գիտական աշխատություններից, թեեւ հետխորհրդային իրականության սոցիալ-մշակութային ասպեկտներին անդրադարձեր արվել են մեկ տասնյակից ավելի ռուս եւ արեւմտյան հեղինակ-գիտնականների կողմից (կարելի է թվարկել): Այնուհանդերձ, թեմայում հնչեցված մտքերն ու արված դատողությունները ներկայացված են գիտականորեն ընդունված եւ ապացուցված գործընթացների ներքո, արդի քաղաքական գիտությունների, սոցիոլոգիայի, մշակութաբանության եւ հասարակագիտական այլ գիտակարգերի բազային հասկացությունների միջոցով (գիտական ապարատի առկայություն):

Մաս 1: Մշակութային տրանսֆորմացիան որպես տրանզիտի («անցման») կարեւորագույն բաղադրիչ

Եվ այսպես՝ ԽՍՀՄ-ը փլուզվեց: Ի՞նչ տեղի ունեցավ Փլուզվեց ավտորիտար (տոտալիտար) քաղաքական համակարգը, փլուզվեց վարչահրամայական, պլանային տնտեսական համակարգը, փլուզվեց խորհրդային գաղափարախոսության ամբողջ կառույցը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել