«Երեկ առավոտը բացվեց չափազանց ծանր լուրով. ԼՂՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում, այսինքն՝ առաջնագծում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետևանքով երեք զինծառայող է զոհվել ՝ 22-ամյա սպա Գեղամ Զաքարյանը. ժամկետային զինծառայողներ 19-ամյա Սարգիս Աբրահամյանը և 20-ամյա Սարգիս Աբրահամյանը: Իսկ 19-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում, նրա վիճակը գնահատվում է ծանր:
Միանշանակ կարող ենք ասել, որ երեկ հայ հանրությունը ցնցված էր այս տեղեկությունից: Իսկ ի՞նչ է սա նշանակում գործնականում: Նման լուրերն ու ցնցումներն արդեն սովորական են դառնում հայ հանրության համար, այն իմաստով, որ լուրը ստանում ենք, խորը կսկիծ ապրում, դառնանում մինչև ֆեյսբուքյան լրահոսում կհանդիպենք մի ինչ-որ զվարճալի հոլովակի կամ էլ կշեղվենք առօրյա գործերով:
Մինչդեռ ժամանակն է, վաղուց ժամանակն է ավելի երկար կանգ առնել այս և նմանօրինակ այլ դեպքերի վրա, որովհետև գրեթե ակնհայտ է, որ երեք տղաների մահվան պատճառը ոչ թե ադրբեջանցիների, այլ հայկական զինված ուժերի տեղադրած կամ այդ պահին տեղադրվող ականն է եղել: Եթե զոհերը լինում են նույնիսկ մարտական իրավիճակում, մենք լրջորեն պետք է փոխենք մեր վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ: Որովհետև երեկվա մեկնաբանությունների մեջ կրկին լսում էինք նախադասություններ, որոնց մեր ականջը սովորել է, բայց իրականում դրանք զարհուրելի, անթույլատրելի նախադասություններ են:
Օրինակ հաճախ լսում ենք. «Դե մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, և պետք է հասկանանք, որ ունենալու ենք նաև զոհեր»: Երեկվա միջադեպի մասին էլ ասվում էր, թե պարտադիր չի, որ միջադեպը ինչ-որ մեկի սխալի հետևանքը լինի: Սա ուղղակի կործանարար մոտեցում է: Քավ լիցի, ոչ ոք չի ասում, թե պատերազմում զոհեր չեն լինում: Խոսքը ուրիշ բանի մասին է. արդյո՞ք մենք՝ որպես պետություն և հանրություն, ամեն ինչ արել ենք, որ նման զոհեր չունենանք:
Արդյո՞ք տվյալ զորամիավորման հրամանատարը, նրա հրամանատարի հրամանատարը, մատակարարը, արտադրողը, դասավանդողը, իրականացնողը իրենց պարտականությունների կատարման մեջ չեն թերացել: Եթե թերացել են, ինչու՞ են թերացել: Եվ ի՞նչ պատասխանատվության են նրանք ենթարկվելու, և ի՞նչ միջոցներ ենք մենք ձեռնարկելու, որ նման անպատասխանատու մարդիկ հետագայում ուրիշների կյանքերի հետ չխաղան: Նույնիսկ մարտական իրավիճակները պետք է ենթարկվեն մանրազնին քննության՝ սկսած դրա նախապատրաստական փուլից, վերջացրած ընթացքով ու ավարտով: Եվ այս վերլուծությունը կամ նրա արդյունքները պետք է հրապարակային և հասանելի լինեն հանրության համար, որովհետև եթե նույնիսկ ադրբեջանցի դիպուկահարն է սպանության հեղինակը, դա դեռ չի նշանակում, թե տեղի ունեցածի մեջ այս կողմում մեղավորներ չեն կարող լինել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել