Հայրենական արտադրության պանրի ծավալների կրճատման մասին. պարզաբանում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով հայրենական արտադրության պանիրների ծավալների կրճատման անդրադարձների վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարությունը հայտնում է.

Լավորակ պանիրը, ի տարբերություն այլ կաթնամթերքի, պատրաստվում է բացառապես անարատ կաթից, իսկ կաթի արտադրությունը մեր հանրապետությունում կրում է խիստ սեզոնային բնույթ: Այսպես, եթե դեկտեմբերից մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում ամսական արտադրվում է շուրջ 20 հազար տոննա կաթ, ապա մայիս-հուլիս ամիսներին կաթի արտադրության ամսական ծավալներն աճում են գրեթե 3,5 անգամ և հասնում ավելի քան 70 հազար տոննայի: Դրանով պայմանավորված, սեզոնային բնույթ են կրում նաև վերամշակող ձեռնարկությունների կողմից գնվող կաթի մթերման գները: Որպես կանոն, կաթի մթերման գներն առավելագույնի են հասնում դեկտեմբեր-մարտ ամիսներին (1 կգ-ը 170-200 դրամ), երբ կաթի արտադրության ծավալները կտրուկ նվազում են: Իսկ ապրիլ-մայիս ամիսներին, երբ կաթի արտադրության ծավալները զգալիորեն ավելանում են, կաթի մթերման գները նվազում են` հասնելով 130-150 դրամի (1 կգ-ի հաշվով): 

Նման իրավիճակում վերամշակող ձեռնարկությունները թանկ գնով ձեռք բերված կաթի նվազագույն ծավալները գերադասում են տրամադրել այլ կաթնամթերքի (կաթ, մածուն, թթվասեր և այլն), իսկ ցածր գնով և մեծ ծավալներով մթերված կաթից պատրաստում են պանիր: Ի դեպ, պանրի արտադրությունում մասնագիտացված ձեռնարկությունները («Չանախ» և այլն) ձմռան ամիսներին ընդհանրապես չեն գործում և գործունեություն են ծավալում ապրիլ-մայիս ամիսներից սկսած: Սրանով է պայմանավորված ներքին շուկայում հայրենական արտադրության պանրի ծավալների ժամանակավոր նվազումը:

Ինչ վերաբերում է անասնագլխաքանակին, ապա այն ոչ թե պակասել, այլ կտրուկ ավելացել է: Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ միայն կովերի գլխաքանակը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 20 հազարով, ինչը նշանակում է, որ այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ, կաթի արտադրությունը կավելանա շուրջ 40 հազար տոննայով:

Ներկայումս վերամշակող ձեռնարկությունները օրեցօր ավելացնում են պանրի արտադրության ծավալները, և պանրի հասունացումից հետո այն կտրամադրվի սպառողին: Ակնկալվում է, որ կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ պանրի արտադրությունը նախորդ տարվա համեմատությամբ կավելանա 1,5-2%-ով, ինչն իր հերթին կբերի պանրի գների նվազում` 7-10%-ի սահմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել