RFE/RL-ի ստերն ազգություն չեն ճանաչում։
Հենց նոր հայտնաբերեցի, որ լրատվակայքի ադրբեջանական տարբերակում 2016 թ․ մայիսի 30-ին լույս տեսած «Տարածաշրջանային իրադրությունը կարող է Ադրբեջանին ներքաշել պատերազմի մեջ»՝ իբր միջազգային մեդիայի ամփոփ խճանկարը ներկայացնող հոդվածում ինձ են վերագրվել խոսքեր, որոնք ես չեմ ասել՝ «Այս իրավիճակում Հայաստանի դիրքերը թուլանալու են։ Հայաստանն ուզում է, որ Ղարաբաղը ճանաչվի հանրաքվեի միջոցով, ինչպես Ղրիմը։ …Հայաստանի դիրքորոշումը կապված է Արևմուտքում ուժեղ հակառուսական կոնսենսուսի և Թուրքիայի երկրաքաղաքական ծավալման հետ։ Այս ընթացքում Ադրբեջանն ի վիճակի է հակամարտությանը նոր թափ հաղորդելով առավելություն նվաճել» (sic!)։
• Անհամար են այն պատճառները, թե ինչու ես չէի կարող նման բան ասել կամ գրել։ Բայց բոլոր հիմնավորումներից ամենաապացուցելին այն է, որ այդ օրերին ես ընդամենը մեկ հոդված եմ հրապարակել, ըստ որում՝ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում՝ «Ապրիլի 5-ին պատերազմը չի ավարտվել» վերնագրով, որից մի հատված կուզեի, առիթից օգտվելով, մեջբերել, հատկապես որ ներկայիս ՊՆ նախարարն անմռունչ ու հետևողական կերպով կյանքի է կոչում դա․
- «Շարունակելով պատասխանել «ի՞նչ է լինելու» հարցին՝ վերստին պետք է արձանագրենք, որ պատերազմն ավարտված չէ եւ որ պատերազմն ընթանում է ոչ միայն կողմերի զինված ուժերի, այլեւ վերջիններիս ամբողջ պետական համակարգերի եւ հասարակությունների միջեւ, հետեւաբար բավականին տեւական ապագայում անելիք ունի յուրաքանչյուրս։ Ռազմական ղեկավարության համար թերեւս առաջնահերթություն պիտի լինի թշնամու նոր հավանական հարձակման ռիսկերը նվազեցնելը, այդ թվում՝ այդօրինակ դեպքերի վաղօրոք կանխատեսումն ու հայկական կողմի զոհերի ծայրաստիճան նվազեցումը։ Հաշվի առնելով մեր որդեգրած պաշտպանական ռազմավարությունը՝ պետք է, առհասարակ, ծայրաստիճան խնայողություն ցուցաբերվի առկա ամեն տեսակի ռեսուրսի հանդեպ՝ նյութական, թե մարդկային։
Թերեւս այս համաշարում ուշադրության է արժանի հասարակության որոշ հատվածների մոտ նկատվող այն տրամադրությունները, որով, առհասարակ, կասկածի տակ է դրվում պաշտպանական ռազմավարության նպատակահարմարությունը, եւ կոչեր են հնչեցվում առաջանալու։ Այս տեսակ քննարկումներում զանց են առնվում Հայաստանի ունեցած ռեսուրսային հնարավորությունները եւ հետապնդած խնդիրները, որոնք գոնե այս պահին թույլ չեն տալիս դուրս գալու զբաղեցրած բնագծերից եւ առաջանալու դեպի արեւելք, ուստի «կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ» կործանարար տրամաբանությանը հանգող եզրակացությունները խիստ վտանգավոր ու մոլորեցնող են՝ հաշվի առնելով, որ ապրիլի 5-ին պատերազմը չի ավարտվել, իսկ սեղանին դրված է Հայաստան պետության անվտանգ գոյության հարցը»։

• «Ազատության» հոդվածը՝ https://www.azadliq.org/a/27765302.html
• Իմ հոդվածը՝ http://www.hhpress.am/index.php…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել