Asekose.am-ը գրում է.

Ինչու՞ են հայերը odnoklassniki-ին նախընտրում Facebook-ից, ովքե՞ր են այսօր Հայստանում զբաղվում համացանցային գովազդով։ Ինչու՞ են լրատվական կայքերը դիմում 18+ կայքերի «օգնությանը» իրենց դիտումներ արհեստականորեն ուռճացնելու համար։ Այս և այլ հետաքրքիր հարցերի շուրջ զրուցեցինք տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

Հայկական digital-ի մասին համացանցում շատ քիչ տեղեկություններ կան, ինչ էլ, գտնում ենք՝ հիմնականում կապված է Ձեր անվան հետ։ Որպես հայկական ՏՏ ոլորտի բազմամյա փորձ ունեցող մասնագետ ինչպե՞ս կգնահատեք այսօրվա հայկական վիրտուալ տիրույթի զարգացման միտումները։ Եթե համեմատեք մեր հարևան պետությունների հետ, ի՞նչ առանձնահատկություններ կնշեք։

Եթե Հայաստանյան ցանցի հիմնական միտումներից խոսենք, ապա կարևոր մի փոփոխություն է գնում՝ աճում է էլեկտրոնային կոմերցիան։ Մյուսը, ինչը մեզ տարբերում է մեր հարևաններից, դա facebook-ի դոմինանտությունն է, այսինքն՝ facebook-ը հանդիսանում է ամենահիմնական հարթակը, որի միջոցով ելք է կատարվում դեպի այլ հարթակներ: Կարճ ասած՝ եթե մարդը նորություններ է ուզում կարդալ, չի մտնում լրատվական կայքեր, այլ հենց facebook-ից է կարդում։ Այս տեսանկյունից մենք  բավականին տարբերվում ենք ոչ միայն մեր հարևաններից, այլև ընդհանուր աշխարհից։ Չնայած ողջ աշխարհում կա այդ միտումը, որ facebook-ը դառնում է հիմնական հարթակը, որտեղից մարդիկ այլ կայքեր են գնում, բայց Հայաստանում դա գերչափազանված և գերուռճացված է, այսինքն՝ այլ հարթակներ պարզապես գոյություն չունեն։

Չնայած, որ ֆեյսբուքը լրատվական տանող հիմնական կայքն է, դոմինանտ սոցիալական ցանց հանդիասանում է odnoklassniki.ru-ն, որով մենք ոչ միայն տարբերվում ենք մեր հարևաններից, այլև ամբողջ աշխարհից։ Հայաստանից ok.ru մուտք գործողների թիվը հասնում է 1,2-1,3 միլիոնի` ամսական կտրվածքով, և այդ առումով՝ odnoklassniki-ն մնում է ամենաայցելվող սոցիալական ցանցը։ Աշխարհում գրեթե ամենուր facebook-ն է այդպիսին, մենք շատ փոքր բացառությունների մեջ ենք մտնում, եթե հաշվի չառնենք այն երկրները, որտեղ facebook-ն արգելափակված է, այդպիսի երկրներ շատ քիչ կլինեն։

Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ok.ru սոցցանցից օգտվողների թիվը մոտ երեք անգամ գերազանցում է Facebook-ի օգտատերերին, չնայած, որ մեր հարևան պետություններում բոլորովին այլ պատկեր է։

Իրականում տարբերությունը ոչ թե երեք անգամ է, այլ մոտ մեկ ու կես, և ավելացնեմ, որ գնալով նվազում է, իր դիրքերը կորցնում է։ Ուրիշ հարց է facebook-ը, որը դադարել է արագ աճել և նկատվում է օգտատերերի արտագաղթ facebook-ից դեպի instagram, որը բավականին ստաբիլ աճում է, իր այցելությունների քանակով հասել է facebook-ի կեսին։ Բայց իսկապես odnoklassniki-ն մնում է առաջինը, և այդ ֆենոմենը հասկանալու համար պետք է մի քանի բան հաշվի առնել։

Առաջինը այն,  որ OK-ն Հայաստան եկավ  ավելի շուտ քան facebook-ը, երկրորդը՝ odnoklassniki-ն ավելի պարզ ինտերֆեյս ունի։ Նաև պետք է հիշենք, որ odnoklassniki-ն մնում է լուրջ կապի միջոց Հայաստանի և Ռուսաստանի հայերի միջև։ Ու բացի այս ամենից odnoklassniki-ն աշխատում է հին հեռախոսների վրա, դրա համար բազմաթիվ մարդիկ, որոնք չունեն համակարգիչ և սմարթֆոն, ունենում են հնարավորություն odnoklassniki-ից օգտվելու։

Եվ ամենակարևորը, odnoklassniki-ն թույլ է տալիս իրեն օգտագործել ոչ միայն որպես սոցիալական ցանց, այլև որպես «դեյթինգ» կայք, այսինքն՝ ծանոթությունների, հայերեն ասած՝ աղջիկ կամ տղա կապելու համար։ Այնտեղ շատ լավ որոնողական համակարգ կա։ Այս առումով facebook-ը պետք է շատ հաց ու պանիր ուտի նմանվելու համար ok-ին։

Կխնդրեմ մի փոքր խոսել համացանցային գովազդի մասին, ի՞նչ գովազդի տեսակներից են հիմնականում օգտվում հայկական ընկերությունները։

Հայաստանում ցանցային գովազդը բավականին թույլ զարգացած ոլորտ է։ Միայն վերջին մեկ-երկու տարին է սկսել թափ առնել և դառնալ բազամազան։ Վերջին երեք-չորս տարում բաններային գովազդներն էին ակտուալ,  կարծում եմ՝ ընտրությունները խթանեցին facebook-յան գովազդի զարգացմանը, այլ ոչ թե բիզնեսները։ Հիմա բազմազանությունը շատ է այն առումով, որ օգտագործվում են ավելի լայն գովազդային ցանցեր, օգտագործվում է Google Ads-ը, վերջերս էլ հայերը հայտնվել են Viber-ում։ Եվ էլի մի նորություն մեզ համար (աշխարհի համար շուտվա հնություն)՝ օգտագործում են բլոգերներին և սոց․ցանցերի ակտիվիստներին, իրենց հետ առանձին պայմանագրեր են կնքում և գովազդ տեղադրում։ Շատ դեպքերում չերևացող գովազդ։ Այդ շուկան Հայաստանում նոր է զարգանում, իսկ աշխարհում շուտվանից մեծ շուկա է. գործում են տարբեր ընկերություներ, որոնք միջնորդ են հանդիսանում։ Իսկ մեզ մոտ դեռ պարտիզանական վիճակում է գտնվում։

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել