Էն մութ ու ցուրտ տարիներին ապրում էինք բնակարանում և ունեինք իմ ձեռքի սարքած վառարան, որը վառելիս լավ ծուխ էր հանում թե՛ ներսից, թե՛ հարևանների տներում: Համարյա ամեն օր հավաքվում էինք ընկերներով ու վառում էդ փեջը, վրան դնում կարտոֆիլ, քանի որ գումարներս դրան էր հազիվ հերիքում: Էդ ժամանակ խոհարարության վրա շատ մասնագիտացանք, կարտոֆիլի մի քանի տասնյակ պատրաստման ձև սովորեցինք ու հորինեցինք՝ խաշած, կտրտած, փեջի վրա դրած, առանց կտրտել փեջի վրա դրած, մաքրած փեջի մեջ դրած ու ըտենց: Ամբողջ օրը երգում էինք, կիթառ նվագում, պարում, խաղում: Մի օր դուռը ծեծեցին, բացեցի, մեր հարևանն էր, որը էն ժամանակ խանութի վարիչ էր, շենքի ամենահարուստ մարդը, որը միշտ լեվի հոսանք ուներ, խանութից գալիս էր լիքը պայուսակներով ու մեր պատկերացումներով՝ շատ երջանիկ պիտի լիներ: Մտքումս ասի՝ էլի եկել ա՝ բողոքի ծխից, ինքը վառարան չէր վառում: Ասեց՝ կլինի գամ, ձեր հետ նստեմ էս երեկո: Զարմացա, ասեցի՝ համեցեք: Նստեց մեր հետ, կերավ փեջի վրա դրված մրոտված կարտոֆիլը, կարթ խաղաց մեր հետ ու վերջում գնալուց մի տեսակ նախանձով ասեց՝ ուրախ ու երջանիկ մարդիկ եք... Ճիշտ ասաց...
Միշտ հիշեք՝ երջանկությունը հարաբերական է և հաստատ կապված չէ փողի հետ։ Կյանքը կարճ է, գիտակցեք ձեր երջանկությունը ներկա պահին և ամեն վայրկյան, մի կապեք այն ապագայի հետ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել