Կարծեմ՝ անցած տարի էր, երբ բացվեց «Պանամայի» օֆշորային փաթեթը, ուր, մեզ հայտնի հայազգի մի շարք գործարար-չինովնիկներից զատ, տվյալներ կային նաև Ալիևների ընտանիքի ֆինմիջոցների մասին: 

Ինչպե՞ս արձագանքեց դրանց «աշխարհը»... Ոչ մի կերպ:

2016-ի ապրիլից հետո «աշխարհն» այդպես էլ որևէ կերպ չքննադատեց Ադրբեջանի կողմից ռազմգործողությունները վերսկսելու փաստը, խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված բռնարարքները:

Մի քանի օր առաջ սահմանային դիտարկման ժամանակ Չինարիի մոտ ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ա.Կասպրշիկի սահմանային դիտարկման խմբի վրա կրակ բացվեց: Ինչպե՞ս արձագանքեց «աշխարհը» (պատկան մարմինը). նշեց, որ իրենց չեն կարող հստակ ասել, թե դա որ կողմից էր, այսինքն՝ ոչ մի կերպ:

Տարիներ շարունակ ՌԴ-ն ու Իսրայելը Ադրբեջանին զենք են վաճառում: Նրանք զենք են վաճառում ոչ թե սովորական երկրի, այլ մի երկրի, որը կոնֆլիկտի մեջ է և փաստացիորեն համալրում է իր զինանոցը առաջին հերթին կոնֆլիկտի հետ կապված իր ռազմական պլանները իրագործելու համար: Ինչպե՞ս է արձագանքում այս ամենին «աշխարհը»... Ոչ մի ձև։

Երեկ բրիտական թերթերը հայտնեցին, թե որտեղ և ինչ մեխանիզմներով են Ալիևների կլանի գումարները «շրջագայում» Եվրոպայով ռուսական որոշ ընկերությունների միջնորդությամբ: Խոսքը միլիարդների մասին է: Ինչպե՞ս է արձագանքում դրան «աշխարհը»։ Ոչ մի կերպ...

Ու դա երևի շատ տրամաբանական ու բնականոն է, որ աշխարհը չի արձագանքում։ Դա կյանքի ու քաղաքականության օրինաչափություն է։ Իսկ ինչո՞ւ պետք է արձագանքի։ Մոռանալով Խրիմյանի շերեփի պատմությունը՝ մենք ակնկալում ենք, որ աշխարհը պետք է արձագանքի, քննադատի, ավելին՝ պատժամիջոցներ կիրառի հարևան երկրի նկատմամբ: Արդարություն ենք փնտրում: Միջազգային քաղաքականության մեջ արդարություն ենք փնտրում: Մի տեսակ շատ «ռոմանծիկ» է ստացվում:

Երբ մինչև 2016-ի ապրիլը խոսում էիր պատկան տարբեր օղակների ու անգամ զինվորականների հետ, ասում էին, թե հարևաններն էդքան «դուխ» չունեն՝ պատերազմը վերսկսեն։ Ասում եմ՝ տեսա՞ք, տղերք, ոնց են այդքան դուխ չունեցող հարևաններն իրենք ռազմական քայլերով հանկարծակիի բերում ու բարդ դրության մեջ դնում մեզ։
Հիմա էլ նստել ենք, աշխարհի արձագանքների ենք սպասում․․․ արդարություն պահանջում։ )

Թե աշխարհը ինչին ինչ կերպ կարձագանքի կամ, առհասարակ, կարձագանքի, թե ոչ, դա մի կողմ... Ունա՞կ ես հարցերդ լուծելու, լուծի՛ր, չե՞ս կարող, քեզ կլուծեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել