Ադրբեջանի ամենամեծ զինապահեստներից մեկը կիրակի՝ 27.08.2017, տարօրինակ հանգամանքներում պայթել է՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ հրթիռներ և այլ՝ հիմնականում խոշոր զինտեխնիկայի ռազմամթերք: Ադրբեջանական կողմը ամեն կերպ փակ է պահում իրական կորուստների մասին տեղեկությունները, սակայն եթե այս իրադարձությունը դիտարկենք բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի բացահայտումների համատեքստում, ապա բազմաթիվ հարցեր կարող են պատասխաններ ստանալ:

Նախ՝ 2017թ. հուլիսի 2-ին Դիլյանան հրապարակել էր տեղեկություն, որ Ադրբեջանը պետական ավիաընկերության միջոցով դիվանագիտական բեռան անվան տակ 5 երկրներում տեղակայված ահաբեկչական խմբավորումներին մատակարարել է 350 օդանավ զենք ու զինամթերք: Բնականաբար, դրանք այն զենքերն են, որոնք Ադրբեջանը գնել է այլ երկրներից և վերավաճառել ահաբեկիչներին:

Այսօր, երբ Դիլյանա Գայտանջիևային ազատել են աշխատանքից, և նրա ձեռքերն ազատ են՝ բացահայտելու այլ տեղեկություններ, առավել ևս, որ միջազգային հանրությունը հետաքրքրված է ադրբեջանական զենքի բիզնես գործարքներով, ավելացնենք նաև, որ Գերմանիան, Հունաստանը և Իսրայելը հետաքննություններ են սկսել այս գործի առնչությամբ, Ադրբեջանին անհարմար ժամանակներ են սպասվում:

Հետևաբար, հարմար առիթ է ասելու, որ Ադրբեջանի ունեցած զինամթերքը ոչ թե ահաբեկիչների ձեռքին է, այլ ոչնչացել է զինապահեստի պայթյունի հետևանքով: Ինչքա՞ն և ի՞նչ տեսակի զենք է ոչնչացել Բաքվից 87կմ և Ստեփակերտից 230կմ հեռավորության վրա գտնվող զինապահեստում, դեռևս հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ, հիմա ադրբեջանական իշխանությունը հաշվարկում է, թե կոնկրետ ինչ է վաճառել ահաբեկիչներին, և ըստ այդ՝ հրդեհի հետևանքով ոչնչացված զենքի թվում կներկայացվեն հենց դրանց անունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել