Ամեն տարի քաղաքացի, գյուղացի, ազգովի նստած սպասում ենք, որ կարկուտը բերքին չվնասի, որ գյուղացին չտուժի, որ բանջարեղենի/մրգի ու դրանով պայմանավորված այլ պարենամթերքների գները չբարձրանան, որ հնարավոր լինի մթերքի ինչ-որ մի մասը արտահանել, որ հնարավոր լինի քիչ թե շատ բարեկեցիկ ապրել:

Ամեն տարի մի քիչ շատ, մի քիչ քիչ, բայց դե կարկուտը էլի խփում է: Հակակարկտայինները մե՛կ աշխատում են, մե՛կ՝ ոչ: Բերքի ինչ-որ մաս լիարժեք ոչնչանում է, գյուղացին շոշափելիորեն տուժում է, չի կարողանում վճարել գյուղվարկերը ու, առհասարակ, ապրել: Ուստի դժգոհություններ, միտինգներ, ճանապարհ փակել. պահանջում է կառավարությունից կորսված բերքի կամ բանկային վարկերի/տոկոսների փոխհատուցում, նյութական այլ օժանդակություն: 
Կառավարությունն էլ ամեն տարի ինչ-որ չափով ինչ-որ բաներ սուբսիդավորում է, փորձում է բանկերի հետ լեզու գտնել, տոկոսներ սառեցնել: Երբեմն կարողանում է, երբեմն՝ ոչ: Արդյունքում, մեծ հաշվով, բոլորը մնում են դժգոհ, իրավիճակն էլ որևէ փոփոխություն չի արձանագրում:

Ամեն տարի գյուղացուն սուբսիդավորելով՝ ինչ-որ ֆինաջակցություն տալ-չտալով, ունենալով մեծ ռիսկայնության գյուղատնտեսություն ու անհասկանալի կլիմա, միգուցե պետք է ամեն տարի երաշխավորված բերք ունենալու համար կարկուտից պաշտպանվելու ցանցերի գործարան հիմնել (եթե այն դեռ չկա) ու դրա արտադրանքը արտոնյալ պայմաններով վաճառել գյուղացուն (տարեցտարի մարելու պայմանով), ով ցանցերով պաշտպանված և հիմնականում երաշխավորված բերքի դեպքում միջոցներ կունենա ինչպես ցանցերի պարտքերի մարման, սեփական կենսագործունեության պայմանների բարելավման, այնպես էլ գյուղմթերքի արտահանման ու տնտեսության զարգացմանն աջակցելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել