Արդեն մի քանի տարի է՝ տարբեր մարդիկ ինչ-որ անհասկանալի պարբերականությամբ երկրում առկա խնդիրների շարքում ամենից առանցքային համարում են օրհներգի ու զինանշանի փոփոխությունը: Որքանո՞վ խորը փոսի մեջ գտնվող մեր տնտեսությանն ու ռիսկերով լի մեր անվտանգությանը դա կօգնի... Հավանաբար որևէ կերպ չի օգնի... Իսկ այս խառն ու ռիսկային ժամանակներում կառավարման պատասխանատվությունն իր վրա վերցրած թիմը, եթե կարողանա մի քանի ամբիցիոզ ծրագիր նախաձեռնել ու իրականացնել, որոնք համակարգային ազդեցություն կկարողանան ունենալ տնտեսության աճի վրա, ապա երկրում կարող է և իրավիճակ փոխվել:

Չլինելով տնտեսագետ, սակայն ունենալով հստակ ու օբյեկտիվ պատկերացումներ մեր ներկա «տնտեսության», նրա ձևավորման ընդհանուր տրամաբանության ու կառավարման «հայկական մոդելի» վերաբերյալ՝ կարելի է նշել, որ դասական տնտեսագիտական մոտեցումները մեզ մոտ նախաձեռնվող բարեփոխումներում կա՛մ շատ դանդաղ են արդյունք տալիս, կա՛մ առհասարակ չեն տալիս: Դա, սովորաբար, ոչ թե բարեփոխիչների հմտությունների հարց է, այլ մեր հասարակության, մեր պետության ու մեր բնույթի, ընդունված գործելաոճի, աշխարհայացքի որոշակի արտացոլում:

Դիցուք, Երևանի տրանսպորտի ահավոր վիճակը վերոնշյալ աշխարհայացքի ամենավառ արտացոլումներից է: Տարիներ շարունակ տեղական ու պետական իշխանության ամենատարբեր օղակներ խոսում են տրանսպորտի խնդրի կարգավորման, արդիականացման և այլ հիմնահարցերի մասին: Ունե՞նք առաջընթաց: Իհարկե, ոչ: Եթե չինացիները «մանուշակագույն ավտոբուսները» որպես օգնություն մեզ չնվիրեին, ապա վիճակը կլիներ էլ ավելի ահավոր:

Հիմա հարց. կա՞ ձևավորված իրավիճակի լուծում: Կարծում եմ՝ այո։ Վերացարկվելով «ամեն տարի» օտարերկրյա տրանսպորտային գերթանկարժեք մասնագետների հետ խորհրդակցելու պրակտիկայից՝ մի պարզ ու շատերի մտքին եկած առաջարկ անեմ. «ՄԵՏՐՈ»-ի կայարանների քանակն  ավելացրեք, ու խնդիրը մի քանի առումով կարող է լուծվել:

Կասեք՝ շատ թանկ հաճույք է: 
Շատ չէ, սակայն, իհարկե, թանկ է: 
Կասեք՝ ներդրողներ չկան:
Կպատասխանեմ, որ ներդրողներ հնարավոր է գտնել հատկապես մերձավորարևելյան երկրները կառավարող որոշ ընտանիքների շրջանում, հատկապես, եթե վերջին տարիներին նրանք ոչ միայն այդ մասին հայտարարում են, այլ նաև արդեն ռեալ քայլեր են ձեռնարկում ՀՀ-ում ներդրումներ անելու մասով:
Կասեք՝ կան նաև այլ խնդիրներ...
Իհարկե, կան: Մետրոյի զարգացումն առաջին հերթին շահերի բախում կառաջացնի մանր, միջին, խոշոր գծատերերի ու հանրային շահի միջև: Դա, իհարկե, տրամաբանական է, մանավանդ այն պարագայում, որ գծատերերը թույլ ազդեցության կրող մարդիկ չեն:

Ու հենց այստեղ է, որ Կառավարությունը պետք է կարողանա անհրաժեշտ կամք դրսևորել ու կոտրել խաղի հին կանոնների՝ դեռևս անհասանելի սառույցը:

Կկարողանա՞ դա անել «նոր թիմը», կդժվարանամ ասել: Սակայն վերոնշյալ պարզ ու, կարծում եմ, էֆեկտիվ առաջարկներն են միայն ունակ տնտեսության վերակենդանացման մասով շոշափելի առաջընթաց ապահովելու: Մի քանի նման «բարդ» ծրագիր (վստահ եմ՝ շատ-շատերն իրենք էլ ունեն նման ու ավելի լավ առաջարկներ), ու կարող ենք տնտեսության ու մյուս ոլորտներում որակապես նոր իրավիճակ ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել